Լեզվաբան, գրականագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1865 թ. մայիսի 17-ին Նախիջևանի Աստապատ գյուղում: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1893-1898 թթ. սովորել է Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում:
1898 թ. Ենայի համալսարանում ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան:
1898-1914 թթ. Մ. Աբեղյանն աշխատել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում որպես ուսուցիչ, 1914-1919 թթ.՝ Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում: ԵՊՀ հիմնադրման առաջին իսկ օրերից աշխատանքի է հրավիրվել որպես դասախոս, 1923-1925 թթ.՝ եղել պատմագրական ֆակուլտետի դեկան: 1926 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1943 թ., երբ հիմնադրվեց ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան, Մ. Աբեղյանը հաստատվեց որպես ակադեմիայի հիմնադիր անդամ:
Նրա լեզվաբանական շուրջ 200 աշխատություններում ուսումնասիրված են հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառները: Դրանք վերաբերում են հայոց լեզվի ուղղագրությանը, հնչյունաբանությանը, բառագիտությանը, ձևաբանությանը, տաղաչափությանը: Նա գրել է նաև գրաբարի քերականություն, ուսումնասիրել միջին հայերենով գրված ժողովրդական ստեղծագործությունների լեզուն, կազմել բառարաններ և այլն: Լեզվաբանական կարևոր մենագրություններն են «Աշխարհաբարի քերականություն» (Վաղարշապատ, 1906), «Աշխարհաբարի շարահյուսություն» (Էջմիածին, 1912), «Հայոց լեզվի տեսություն» (Եր., 1931, 1965), «Հայոց լեզվի տաղաչափություն» (Եր., 1933):
Մ. Աբեղյանը զբաղվել է նաև հայ ժողովրդական բանահյուսությամբ: Նա հավաքել, ուսումնասիրել և հրատարակել է ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ: 1886 թ. գրի է առել «Սասունցի Դավիթ» էպոսի պատումներից մեկը և շարունակել վեպի պատումների հավաքման, ուսումնասիրման ու հրատարակման գործը: Ժողովրդական բանահյուսությանը վերաբերող կարևոր մենագրություններն են «Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ» (Վաղարշապատ, 1899), «Ժողովրդական խաղեր» (Վաղարշապատ, 1904), «Հայ ժողովրդական վեպը» (Վաղարշապատ, 1908), «Հին գուսանական-ժողովրդական երգեր» (Եր., 1931):
Մ. Աբեղյանին հետաքրքրել են նաև հայ գրականության պատմության, հատկապես հայ հին և միջնադարյան գրականության խնդիրները: Նա գրել է մի շարք ուսումնասիրություններ հոգևոր երգերի՝ շարականների վերաբերյալ, Գրիգոր Նարեկացու և ուրիշ գրողների մասին: Հայ հին գրականությանը վերաբերող նրա ուսումնասիրություններն ամփոփված են «Հայոց հին գրականության պատմություն» երկհատոր կոթողային աշխատության մեջ (գիրք 1, Եր., 1944, գիրք 2, Եր., 1946): Վերջինս Մոսկվայում մեկ հատորով տպագրվել է նաև ռուսերեն:
Մ. Աբեղյանը զբաղվել է նաև գրական-պատմական և ժողովրդական ստեղծագործությունների բնագրերի հրատարակման գործով: Այդ հրատարակություններից են Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (Սեթ Հարությունյանի աշխատակցությամբ, 1913 թ.), «Սասնա ծռեր» (Կարո Մելիք֊-Օհանջանյանի աշխատակցությամբ, 3 գիրք, Եր., 1936, 1944, 1951), «Գուսանական-ժողովրդական տաղեր» (Եր., 1940), Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքերը (Եր., 1941): Դրանք առայսօր մնում են որպես քննական լավագույն հրատարակություններ:
Երկար տարիներ զբաղվելով մանկավարժական գործունեությամբ՝ նա կրթել և ձևավորել է բազմաթիվ բարձրորակ մասնագետների սերունդների:
Մ. Աբեղյանը վախճանվել է 1944 թ. սեպտեմբերի 25-ին Երևանում:
Կառավարության որոշմամբ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտը 1945 թվականից կոչվում է Մ. Աբեղյանի անունով:
Մ. Աբեղյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում: