Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1879 թ. հունիսի 23-ին Թիֆլիսի Կոջոր ավանում: 1884 թ. ընտանիքը տեղափոխվել է Կիև, երկու տարի անց՝ Վարշավա, ապա՝ Ռիգա, որտեղ էլ նա ստացել է նախնական կրթություն: 1898 թ. ավարտել է Ռիգայի արական գիմնազիան:
1899–1906 թթ. սովորել է Լայպցիգի, Հայդելբերգի և Մյունխենի համալսարաններում՝ մասնագիտանալով օրգանական քիմիայի բնագավառում: Աշխատել է Ստրասբուրգի համալսարանում որպես ասիստենտ, ապա փոխադրվել Բեռլինի բարձրագույն գյուղատնտեսական դպրոց որպես օրգանական քիմիայի ասիստենտ:
1905-ից (շուրջ 40 տարի) ուսումնասիրել է օքսիդացման գործընթացում պերօքսիդների ներգործության մեխանիզմները: Առաջարկել է զբաղվել ամինների ներկայությամբ օրգանական պերօքսիդների ճեղքման հարցով, որը հետագայում դարձավ օրգանական քիմիայի կարևորագույն ուղղություններից մեկը:
1911 թ. վերադարձել է Անդրկովկաս և նշանակվել Ռուսական տեխնիկական ընկերության Բաքվի քիմիական լաբորատորիայի վարիչ: 1914–1920 թթ. դասախոսություններ է կարդացել Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներում՝ միաժամանակ աշխատելով հողագործության դեպարտամենտի քիմիամանրէաբանական լաբորատորիայում:
1920 թ. հրավիրվելով ԵՊՀ՝ կազմակերպել և ղեկավարել է ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնը և օրգանական քիմիայի լաբորատորիան, ինչպես նաև բժշկական, գյուղատնտեսական, պոլիտեխնիկական և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների օրգանական քիմիայի ամբիոնները:
Նա իրավամբ համարվում է քիմիական գիտահետազոտական գործի սկզբնավորողը Հայաստանում:
Եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի քիմիական ինստիտուտի կազմակերպիչներից և օրգանական քիմիայի բաժնի առաջին ղեկավարը, գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանում քիմիական գիտության և արդյունաբերության զարգացման խնդիրների մշակմանը: Մեծ է նրա ավանդը Երևանի Կիրովի անվան քիմիական գործարանի և Վանաձորի քիմիական կոմբինատի հիմնադրման գործում:
1926 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1935 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչմանը:
1937 թ., առանց ատենախոսության պաշտպանության, նրան շնորհվել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1938 թ. հուլիսի 17-ին ձերբակալվել և 1939 թ. սեպտեմբերի 6-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում:
1944 թ. վերադարձել է Երևան, անցել գիտահետազոտական աշխատանքի: 1945 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
Վախճանվել է 1948 թ. մարտի 7-ին Մոսկվայում: Աճյունն ամփոփված է Երևանում:
1955 թ. արդարացվել է:
Նրա բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում: