Հայագետ, մանկավարժ, դոցենտ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
Ծնվել է 1867 թ. դեկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Ջրաբերդի գավառի Մաղավուզ (Չարդախլու) գյուղում:
Սկզբնական կրթությունն ստացել է Ամարասի դպրեվանքում, Կուսապատ անապատի և Շուշիի թեմական դպրոցներում:
1882 թ. ընդունվել և 1889 թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժինը, ձեռնադրվել կուսակրոն սարկավագ: Բարձրագույն կրթությունն ստացել է Բեռլինի, Հալլեի, Լայպցիգի համալսարաններում: 1897 թ. ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Նույն տարվա սեպտեմբերին հրավիրվել է Գևորգյան ճեմարան՝ դասախոսելու, և նոյեմբերի 30-ին ձեռնադրվել է աբեղա, 1898-ին՝ վարդապետ: Տարբեր տարիների եղել է ճեմարանի մատենադարանապետ-տեսուչ: 1905-1908 թթ. և 1915-1919 թթ. խմբագրել է «Արարատ» ամսագիրը, նշանակվել Ս. Հռիփսիմեի վանահայր: 1915 թ. ամռանը Գ. Հովսեփյանը ձեռնամուխ է եղել Մեծ եղեռնի հետևանքով Վասպուրականից Էջմիածին գաղթած հայերին լայնածավալ օգնություն կազմակերպելու գործին: 1917 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցը նրան ձեռնադրել է եպիսկոպոս:
Գ. Հովսեփյանը 1918 թ. Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչներից ու ակտիվ մասնակիցներից էր: Տեսնելով Սարդարապատի պաշտպանների, մասնավորապես 5-րդ գնդի զինվորների անձնազոհությունը՝ Գ. Հովսեփյանն այն անվանել է մահապարտների գունդ, նրա հրամանատար գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի հետ զինվորներին առաջնորդել դեպի իմացյալ մահ: Ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Գեորգիևյան խաչ» շքանշանով:
1919 թ. մայիսին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) հիմնված Հայաստանի համալսարանի կազմակերպական կոմիտեի անդամներից և առաջին դասախոսներից էր, դոցենտ, պատմալեզվաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար:
Դասավանդել է եկեղեցու պատմություն, հայ արվեստի պատմություն, գրչության արվեստ, հնագիտություն:
Ալ. Թամանյանի, Ա. Մելիք-Քալանթարի և այլոց հետ մասնակցել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի ստեղծմանը: 1921 թ. մայիսին նշանակվել է Խորհրդային Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների առաջնեկի՝ Էջմիածնի կուլտուր-պատմական ինստիտուտի կոլեգիայի անդամ և թանգարանի վարիչ:
1927-1934 թթ. Գ. Հովսեփյանը Ռուսաստանի, Ղրիմի ու Նոր Նախիջևանի հայոց հոգևոր թեմի առաջնորդն էր, 1938-1943 թթ.՝ Ամերիկայի թեմի առաջնորդը, իսկ 1943-1952 թթ.՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գ. Հովսեփյանը մեծապես նպաստել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար նյութական միջոցների հանգանակությանը, սփյուռքահայությանը մայր հայրենիքի շուրջ համախմբելուն և 1946 թ. ներգաղթի կազմակերպմանը:
Թողել է գիտական հարուստ ժառանգություն: Առանձնապես կարևոր են «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից» (Թիֆլիս, 1892), «Խոսրովիկ թարգմանիչ եւ երկասիրութիւնք նորին» (Թիֆլիս, 1903), «Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան եւ կաթողիկոսական ընտրութիւն» (Թիֆլիս, 1911), «Գրչության արվեստը հին հայոց մեջ» (Վաղարշապատ, 1913), «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ. պատմագիտական ուսումնասիրություն» (1928-1944, երեք հատորով), «Սասմայ ծռեր» (Եր., 1932), «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության» (1935-1951, հինգ պրակով), «Դեպի լույս և կյանք. քարոզներ, գրական-գեղարվեստական և իմաստասիրական հոդվածներ» (Անթիլիաս, 1947), «Հիշատակարանք ձեռագրաց» (Անթիլիաս, 1951) աշխատությունները:
Գ. Հովսեփյանը հայ հնագրագիտության, գրչության արվեստի ու ձեռագրային ժառանգության, հայ մանրանկարչության ուսումնասիրության հիմնադիրներից էր:
Վախճանվել է 1952 թ. հունիսի 21-ին Անթիլիասում: