Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
Ծնվել է 1857 թ. նոյեմբերի 25-ին Ախալցխայում: Ավարտել է տեղի Կարապետյան ծխական դպրոցը, 1878 թ.՝ Գևորգյան ճեմարանը, 1889 թ.՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայ-սանսկրիտ և հայ-վրացական բաժինները, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Երկար տարիներ հայոց լեզու և գրականություն է դասավանդել հայկական դպրոցներում: 1919 թ. հրավիրվել է դասախոսական աշխատանքի և Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի) նորաբաց համալսարանում 1920 թ. փետրվարի 1-ին կարդացել է առաջին դասախոսությունը:
ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր ակադեմիկոսներից է:
Անվանի բանասեր է, լեզվաբան, բառարանագիր: Հիշատակելի են Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» (Եր., 1940) և Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» (Եր., 1947) երկերի հրատարակությունները՝ ընդարձակ առաջաբաններով, աշխարհաբար թարգմանությամբ և ծանոթագրություններով: 1940 թ. լույս է տեսել նաև «Խորենացու առեղծվածի շուրջը» մենագրությունը: Հրատարակել է մատենագիրների համեմատական տեքստեր, Ղևոնդ Մեծի «Պատմություն Հայոց» (1887), Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնյան» (Գ. Տեր-Մկրտչյանի հետ) (1904), Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան» երկերը, ինչպես նաև «Դասընթաց հայոց մատենագրության պատմության» (1899), «Համառոտ պատմություն Ներսիսյան հոգևոր դպրոցի...» (1900) ուսումնասիրությունները:
Անհերքելի փաստերով հիմնավորել է, որ Մովսես Խորենացին 5-րդ դարի հեղինակ է, իսկ նրա «Հայոց պատմությունը»` միանգամայն վստահելի սկզբնաղբյուր:
Լեզվաբանական կարևոր աշխատություններից են «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» (Թիֆլիս, 1891), «Գրաբարի համաձայնությունը» (Թիֆլիս, 1892) մենագրությունները: 1944-1945 թթ. հրատարակել է 120 հազար բառ ընդգրկող քառահատոր «Հայերեն բացատրական բառարանը», որը հայ բառարանագրության կոթողային երկերից է, առաջինը իր տեսակի մեջ (վերահրատարակվել է 2010 թ.): 1946 թ. այն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
Ստ. Մալխասյանցը զբաղվել է նաև թարգմանությամբ. թարգմանել է Շեքսպիրի «Լիր թագավոր» (1887), «Մակբեթ» (1892) ողբերգությունները, Գ. Էբերսի «Մարդ եմ» վեպը (1898):
Վախճանվել է 1947 թ. հուլիսի 21-ին Երևանում: