Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1875 թ. դեկտեմբերի 7-ին Շուշիում: Տեղի թեմական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Բեռլինի համալսարանում:
1903 թ. Հայդելբերդի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների դոկտորի աստիճան: Վերադառնալով Շուշի՝ 1904-1907 թթ. քիմիա է դասավանդել տեղի դպրոցներում: Այնուհետև Ստրասբուրգի ու Բեռլինի համալսարաններում զբաղվել է ֆիզիկական քիմիայի ու մանրէաբանության ուսումնասիրությամբ:
1907-1920 թթ. Հ. Հովհաննիսյանը Բաքվում ղեկավարել է քիմիա-մանրէաբանական լաբորատորիան: 1917 թ. նա ընդունվել է կոմկուսի շարքերը, դարձել եռանդուն քաղաքական գործիչ: 1918 թ. եղել է Բաքվի կոմունայում փախստականների գործերի կոմիսար: 1920-1921 թթ. աշխատել է Շուշիում և Դիլիջանում, 1921 թ. փոխադրվել է Երևան և աշխատել ժողկոմխորհում:
1922-1930 թթ. Հ. Հովհաննիսյանը եղել Է ԵՊՀ ռեկտոր: 1924 թ. նա համալսարանում ստեղծել է կենսաքիմիայի ամբիոն, որը հետագայում նրա ղեկավարությամբ մինչև 1937 թ. գործել է բժշկական ինստիտուտում: 1925 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1930-1936 թթ. աշխատել է որպես բժշկական ինստիտուտի տնօրեն: 1936 թ. սեպտեմբերին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենդանաբանական ինստիտուտի տնօրեն:
Հ. Հովհաննիսյանի գիտական աշխատանքներից հատկապես արժեքավոր են С վիտամինի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունները: Հեղինակ է նաև հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների: Բժշկական ինստիտուտի, նրա ամբիոնների և կլինիկաների կազմակերպման, դրանց ամրապնդման և նույնիսկ ինստիտուտի ժամանակակից շենքի կառուցման աշխատանքները սերտորեն կապված են Հ. Հովհաննիսյանի անվան հետ:
Հ. Հովհաննիսյանը գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանում քիմիական արդյունաբերության և գիտության զարգացման խնդիրների մշակմանը, աճեցրել բազմաթիվ կադրեր:
Նա բազմիցս եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի, ինչպես և Հայաստանի Կենտգործկոմի անդամ:
1935 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Հ. Հովհաննիսյանը ստալինյան բռնարարքների զոհերից է: Նրա գիտական և հասարակական գործունեությունն ընդհատվել է 1937 թ.:
Վախճանվել է 1941 թ. դեկտեմբերի 22-ին աքսորավայրում: Արդարացվել է հետմահու: