Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
Ծնվել է 1907 թ. հունվարի 25-ին Աշտարակում: 1928 թ. ընդունվել է ԵՊՀ և գործուղվել Մոսկվայի Կ. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա, որը 1932 թ. ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա: 1935 թ. տեղափոխվել է ԽՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտ:
1936 թ. պաշտպանել է թեկնածուական, 1940 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1944 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1960 թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ, 1965-ին՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1935-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ա. Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտում, 1946–1959 թթ. եղել է նույն ինստիտուտի փոխտնօրեն, 1959–1963 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1963–1966 թթ.՝ նախագահության անդամ և գիտական քարտուղար:
1945–1950 թթ. ԵՊՀ –ում կարդացել է էնզիմոլոգիայի հատուկ դասընթաց:
Զբաղվել է մշակաբույսերի չորադիմացկուն տեսակների ստացման, բույսերի ենթաբջջային կառուցվածքի, կենդանի բջիջների վրա ճառագայթաակտիվության ազդեցության հիմնախնդիրների հետազոտությամբ և ագրոտեխնիկական մի շարք միջոցառումների մշակմամբ:
Նրա ղեկավարությամբ տիեզերական կենսաբանության և բժշկության բնագավառներում ուսումնասիրվել են ճառագայթման, անկշռության, Երկրի ձգողության և այլ գործոնների հետ կապված հարցեր: Իրավամբ համարվում է տիեզերական կենսաբանության հիմնադիրներից:
Զեկուցումներով բազմիցս հանդես է եկել միջազգային գիտաժողովներում ու համաժողովներում, դասախոսություններ կարդացել Բելգիայի, Փարիզի, Ճապոնիայի և այլ երկրների համալսարաններում:
1959–1964 թթ. եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ, 1964–1966 թթ.՝ 13-րդ նստաշրջանի նախագահ, 1965–1966 թթ.՝ Միջազգային աստղագիտության ակադեմիայի իսկական անդամ և փոխնախագահ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ:
Նրա խմբագրությամբ հրատարակվել են «Проблемы космической биологии» (М., 1962), «Первые космические полеты человека» (М., 1962, 1963) ժողովածուները: Եղել է նաև ԽՍՀՄ ԳԱ տեղեկագիր, «Կենսաքիմիա» հանդեսի գլխավոր խմբագիր, «Տիեզերական հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, «Համեմատական ֆիզիոլոգիա և կենսաքիմիա» (Լոնդոն) և «Ագրոքիմիա» (Իտալիա) ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ:
Նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնվել է գինու և խաղողի կենսաքիմիայի լաբորատորիա:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական և դոկտորական շուրջ 40 ատենախոսություն:
Եղել է ԽՍՀՄ պետական (1952), ԽՍՀՄ ԳԱ Ա. Բախի (1950, 1966) և Ի. Մեչնիկովի (1951) անվան մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (3) և «Պատվո նշան» շքանշաններով, արժանացել Լ. Պաստյորի ինստիտուտի (Ֆրանսիա), Լիեժի համալսարանի (Բելգիա) ոսկե մեդալների, Խաղաղության համաշխարհային խորհրդի պատվոգրի ու արծաթե մեդալի (1959) և այլ պարգևների:
Վախճանվել է 1966 թ. մարտի 2-ին Մոսկվայում:
Նրա բրոնզաձույլ կիսանդրին դրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում, Մոսկվայի Ա. Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքի պատին փակցված է հուշատախտակ, անունը ոսկե տառերով գրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքի պատին, կիսանդրին կանգնեցված է ծննդավայրում: Նրա անունով են կոչվում՝ Լուսնի խառնարաններից մեկը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիվ 307 լսարանը, Աշտարակի միջնակարգ դպրոցներից մեկը, փողոց Երևանում և Աշտարակում:
Աշտարակում գործում է Ն. Սիսակյանի տուն-թանգարանը: