Լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1913 թ. մարտի 16-ին Մեղրիում: 1928 թ. ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը: 1930-1932 թթ. աշխատել է Մեղրու կոլտնտեսությունում սկզբում որպես հաշվետար, ապա` հաշվապահ: 1933-ից ուսանել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետում` միաժամանակ աշխատելով ծխախոտի ֆաբրիկայում որպես հաշվապահ:
1938 թ. Էդ. Աղայանն ավարտել է համալսարանը և 1939 թ. ընդունվել ասպիրանտուրա: 1941 թ. պաշտպանել է թեկնածուական, 1945 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1942 թ. նրան շնորհվել է դոցենտի, 1946-ին՝ պրոֆեսորի կոչում: 1953 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թ.՝ ակադեմիկոս: 1932-ից մինչև կյանքի վերջը աշխատել է ԵՊՀ-ում. 1956-1985 թթ. եղել է համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, 1968-1991 թթ.՝ հայագիտական կենտրոնի ղեկավար, 1986-1991 թթ.՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր, 1953-1956 թթ.՝ ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1948-1950 թթ.` բանասիրության ֆակուլտետի դեկան:
Էդ. Աղայանը տասնամյակներ շարունակ աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: 1950-1953 թթ. եղել է փոխտնօրեն, 1963-1991 թթ.՝ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, 1947-1948 թթ.՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության բուհերի վարչության պետ:
Էդ. Աղայանը թողել է ընդհանուր լեզվաբանության, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի պատմության և համեմատական քերականության, բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի, Արևելքի գրականության պատմության և այլ հարցերի վերաբերյալ գիտական հարուստ ժառանգություն: Առանձնապես նշանակալից են նրա «Լեզվաբանության ներածություն» (Եր., 1952, 1963, 1967) աշխատությունը, որը ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության կողմից երաշխավորվել է որպես միութենական բուհական դասագիրք և հրատարակվել ռուսերեն 1959-ին, «Պատմահամեմատական մեթոդը լեզվաբանության մեջ» (Եր., 1957), «Գրաբարի քերականություն», հ. 1 (Եր., 1964), «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը» (Եր., 1967), «Ընդհանուր և համեմատական բառագիտություն» (Եր., 1984) աշխատությունները. վերջինը 1987 թ. վերամշակված հրատարակվել է «Լեզվաբանության հիմունքներ» խորագրով:
Էդ. Աղայանը մեծ ավանդ ունի նաև հայ բառարանա-գրության բնագավառում. «Արդի հայերենի բացատրական բառարան» (Եր., 1976) երկհատոր գիրքը հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազ. բառ և 11 հազ. դարձվածք) և բառահոդվածների ձևաիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է որպես բառարանագրական բացառիկ ձեռքբերում:
Համահեղինակ է հանրակրթական դպրոցի 4-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի, որոնք ունեցել են բազմաթիվ հրատարակություններ: Նրա գիտական վաստակի մաս է կազմում նաև իր ուսուցիչ Հր. Աճառյանի բազմահատոր աշխատությունների խմբագրման, անավարտ հատվածների լրացման և հրատարակության պատրաստման շնորհակալ աշխատանքը:
Էդ. Աղայանը քանիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների (Երևան, Մոսկվա, ԱՄՆ, Հնդկաստան և այլն):
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ:
1979-ից մինչև կյանքի վերջը եղել է լեզվաբանության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ: 1953 թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի, 1980 թ. և 1985 թ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1970 թ. Էդ. Աղայանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1983) շքանշանով, «Աշխատանքային արիության» (1945), Խ. Աբովյանի անվան մեդալներով և մի շարք պատվոգրերով:
Վախճանվել է 1991 թ. դեկտեմբերի 29-ին Երևանում:
Էդ. Աղայանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում:
2004-ից նրա անունով է կոչվում Կարճևան գյուղի միջնակարգ դպրոցը: