Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1902 թ. մարտի 21-ին Նոր Նախիջևանում: Նախնական կրթությունն ստացել է տեղի արական գիմնազիայում: 1926 թ. ավարտել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետը:
1934 թ. պաշտպանել է թեկնածուական, 1939 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1940 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1968 թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ, 1971 թ.՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1928–1929 թթ. եղել է Հայաստանի ժողկոմատի գյուղատնտեսության վարչության հրահանգիչ, 1929–1931 թթ.՝ Անդրկովկասյան անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի բուսաբանության ամբիոնի ասիստենտ: 1935–1939 և 1944–1991 թթ. ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Կ. Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտի բույսերի զարգացման՝ իր հիմնադրած լաբորատորիան: Շուրջ տասը տարի եղել է ԵՊՀ բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի, 1941–1946 թթ.՝ նաև ՀԳԻ բույսերի ֆիզիոլոգիայի և մանրէաբանության ամբիոնների վարիչ: 1941-ից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում, որտեղ 1942 թ. հիմնադրել է բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիա:
Հեղինակ է 19 մենագրության, ավելի քան 350 հոդվածի, գրքերի և մեթոդական ձեռնարկների: Հիմնադիրն է բույսերի զարգացման և ծաղկման հորմոնային տեսության (1937), որը նրան համաշխարհային ճանաչում բերեց: Հետազոտել է նոր խմբի ֆիտոհորմոնների՝ գիբերելինների բնույթը և ազդման մեխանիզմը, մշակել խաղողագործության մեջ դրանց կիրառման եղանակները:
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 50 և դոկտորական 10 ատենախոսություն:
Եղել է գերմանական բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի իսկական անդամ, բույսերի ֆիզիոլոգների, բուսաբանների ամերիկյան և այլ երկրների գիտական ընկերությունների պատվավոր անդամ, Ռոստոկի (Գերմանիա) համալսարանի պատվավոր դոկտոր:
1967 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով:
Վախճանվել է 1991 թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում: