Լեզվաբան, գրաբարագետ, գրող, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Ծնվել է 1923 թ. մարտի 31-ին Ներքին Ախտա գյուղում (այժմ՝ քաղաք Հրազդան): 1940 թ. ավարտել է Երևանի թիվ 13 միջնակարգ դպրոցը և ընդունվել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ:
1941-1943 թթ. Վ. Գևորգյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել և զորացրվել: Կրթությունը շարունակել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում: 1945 թ. ավարտել է համալսարանը, 1949 թ.՝ ասպիրանտուրան:
1950 թ. Վ. Գևորգյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մինչև 1984 թ. աշխատել ԵՊՀ հայոց լեզվի, 1985-ից մինչև կյանքի վերջը՝ հայոց լեզվի պատմության ամբիոնում: 1952 թ. նրան շնորհվել է դոցենտի, 1991 թ.՝ պրոֆեսորի կոչում:
1994-1995 ուստարում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հրավերով Վ. Գևորգյանը գրաբար է դասավանդել Երուսաղեմի Ալեք և Մարի Մանուկյանների անվան ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում:
Հայտնի էր նաև իր բանասիրական, բանաստեղծական թարգմանչական գործունեությամբ: Հայ գրականության և մշակույթի մեջ լուրջ ներդրում են Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» (Եր., 1970, 1979, 1996) և «Տաղերի» (Եր., 1979) նրա աշխարհաբար թարգմանությունները: Նա թարգմանել է նաև «Լերմոնտով, բանաստեղծություններ և պոեմներ» գիրքը, ինչպես նաև «Դև» պոեմը: Հեղինակ է «Լերմոնտով» (Եր., 1956) չափածո ողբերգության, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածների:
Վ. Գևորգյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշանով, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» և այլ մեդալներով:
Վ. Գևորգյանը վախճանվել է 2002 թ. մայիսի 15-ին Երևանում:
Նրա անունով է կոչվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի լսարաններից մեկը: