Իրավաբան, հոգեբան, պետական գործիչ
Ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի թիվ 1 արական գիմնազիայում: 1899 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1900 թ. պաշտոնավարել է Գևորգյան ճեմարանում, դասավանդել հոգեբանություն ու տրամաբանություն, հայ հին իրավունքի պատմություն և եկեղեցական իրավունք:
1906 թ. նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ և ընտրվել Ռուսաստանի պետական II դումայի պատգամավոր:
Զբաղվել է նաև գիտամանկավարժական և հասարակական-քաղաքական գործունեությամբ: 1915 թ. մասնակցել է Վասպուրականի հայության ինքնապաշտպանության կազմակերպմանը և ընտրվել նորաստեղծ Վան-Վասպուրականի նահանգապետ՝ Արամ Մանուկյանի տեղակալ:
1918–1919 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, հանրային կրթության և արվեստի նախարար, խորհրդարանի անդամ և փոխնախագահ:
Գործուն մասնակցություն է ունեցել ԵՊՀ ստեղծման կազմակերպական աշխատանքներին. 1918 թ. աշնանը Թիֆլիսում կազմակերպել է մտավորականության ժողով և ընդունված որոշումը ներկայացրել ՀՀ կառավարությանը: ՀՀ հանրային կրթության և արվեստի նախարար Ն. Աղբալյանի հրամանով 1920 թ. փետրվարի 6-ին նշանակվել է համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետի փիլիսոփայության դոցենտի պաշտոնակատար:
ՀԽՍՀ լուսժողկոմ Ա. Հովհաննիսյանի՝ 1920 թ. դեկտեմբերի 28-ի հրամանով Ս. Տիգրանյանը նշանակվել է հոգեբանության և հայ իրավունքի պատմության դասախոս, 1921 թ. հունվարի 2-ին՝ ընտրվել հասարակագիտական ֆակուլտետի դեկան:
1921 թ. փետրվարյան ապստամբությունից հետո անցել է Իրան: Կարճ ժամանակ անց վերադարձել է Երևան և շարունակել դասավանդել ԵՊՀ-ում: 1923 թ. տեղափոխվել է Ալեքսանդրապոլ և զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ 1935 թ. վերադարձել է Երևան և ավարտել հայոց հին կանոնագրքերին նվիրված մենագրության՝ ցարդ անտիպ 2-րդ հատորը:
Հեղինակ է «Армяне» (Санкт Петербург, 1910, Եր., 1992), «Հին հայկական կանոնների գիրք» (ռուս., Պետերբուրգ, 1918), «Судебная книга Мхитара Гоша и Книга канонов» (Тифлис, 1925) ուսումնասիրությունների, «Հայոց իրավունքի պատմության ներածություն» (ձեռագրի իրավունքով, Եր., 1923) ուսումնական ձեռնարկի: Առանձին գրքով տպագրել է նաև իր դասախոսությունները (Ալեքսանդրապոլ, 1920), թարգմանել Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանության սկզբունքները» աշխատության առանձին գլուխներ (Ալեքսանդրապոլ, 1920): Վերջին երկու գրքերը համարվում են ԵՊՀ առաջին հրատարակությունները: Ունի անտիպ աշխատություններ, այդ թվում՝ եղբոր՝ երգահան Նիկողայոս Տիգրանյանի ստեղծագործությունների մասին:
Ցարական կառավարությունը նրան 2 անգամ (1898 թ. և 1908 թ.) ձերբակալել է «հեղափոխական», իսկ խորհրդային իշխանությունը՝ 3 անգամ (1923 թ., 1933 թ., 1937 թ.)՝ «հակահեղափոխական գործունեության համար»: 1937 թ. դեկտեմբերի 5-ին դատապարտվել է մահապատժի՝ անձնական գույքի բռնագրավմամբ: Դատավճիռն ի կատար է ածվել 1937 թ. դեկտեմբերի 17-ին:
1958 թ. արդարացվել է. գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: