Իրավագետ, պրոֆեսոր, հասարակական գործիչ
Ծնվել է 1889 թ. մարտի 5-ին Վանում: Նախնական կրթությունն ստացել է տեղում: 1908–1912 թթ. սովորել է Կ. Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ առժամանակ Գրիգոր Զոհրապի ղեկավարությամբ մասնակցել է դատական մի շարք բարդ գործերի քննությանը, ձեռք բերել իրավաբանական փորձ և հմտություն:
Այնուհետև Վանում և Կովկասում աշխատել է որպես իրավագետ-խորհրդական, միաժամանակ աչքի ընկել որպես հմուտ լրագրող: 1915-ից աշխատել է որպես փախստականների Թիֆլիսի կոմիտեի քարտուղար:
1919 թ. վերադարձել է Կ. Պոլիս և աշխատել որպես «Երկիր» օրաթերթի խմբագիր:
1908–1922 թթ. եղել է Հնչակյան կուսակցության, 1910-ից՝ կուսակցության կոմիտեի անդամ:
1922 թ. եկել է Խորհրդային Հայաստան և արդարադատության մարմիններում վարել մի շարք պատասխանատու պաշտոններ. 1922–1923 թթ. եղել է Արդարադատության ժողկոմատի դատական բարձրագույն վերահսկողության բաժնի վարիչ, 1923–1925 թթ.՝ գլխավոր դատարանի անդամ և նախագահի տեղակալ, 1926–1930 թթ.՝ գերագույն դատարանի քաղաքացիական վճռաբեկ կոլեգիայի նախագահ և նախագահի տեղակալ, այնուհետև՝ ՀԽՍՀ դատախազի տեղակալ՝ քաղաքացիական գործերի գծով:
1924 թ. դասախոսական աշխատանքի է հրավիրվել ԵՊՀ իրավատնտեսագիտության ֆակուլտետ, այնուհետև՝ նշանակվել համալսարանի տնտեսական իրավունքի ամբիոնի վարիչ: 1934–1936 թթ. եղել է Իրավագիտության ֆակուլտետի դեկան: 1936 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Հեղինակ է իրավագիտական մի շարք աշխատությունների՝ «Պրոլետարիատի դիկտատուրան և խորհրդային դատարանը» (Եր., 1924), «Կանանց աշխատանքի պաշտպանությունը» (Եր., 1930), «Ժառանգական իրավունքի մասին» (Եր., 1931), «Ամուսնության և ընտանիքի իրավունք» (Եր., 1933), «Սովետական դատարանը» (Եր., 1936) և այլ գործերի:
1937 թ. հուլիսի 29-ին ձերբակալվել է հակախորհրդային գործունեություն ծավալելու մեղադրանքով: 1938 թ. փետրվարի 28-ին կայացվել է գնդակահարության վճիռ, որն ի կատար է ածվել նույն օրը:
1956 թ. արդարացվել է. գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: