Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1894 թ. փետրվարի 6-ին Վաղարշապատում՝ Ռշտունիքից գաղթած ընտանիքում: 1915 թ. ավարտել է Գևորգյան ճեմարանը, մինչև 1919 թ. դասավանդել Թավրիզի, ապա՝ Ախալցխայի, Սուխումի, Թիֆլիսի հայկական դպրոցներում:
1919–1924 թթ. սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական գիտությունների ֆակուլտետում: 1924 թ. վերադարձել է հայրենիք, 1925-ից աշխատանքի հրավիրվել ԵՊՀ և 40 տարի անընդմեջ ղեկավարել ԽՍՀՄ պատմության ամբիոնը: Աշխատել է նաև պատմության ֆակուլտետի դեկանի ու ԵՊՀ ուսումնական մասի վարիչի պաշտոններում: Երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքում և ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում:
1940 թ. պաշտպանել է թեկնածուական, 1941 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1944 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1956 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1952–1953 թթ. հալածվել է «Միասնական հոսանք»-ին պատկանելու մեղադրանքով, սակայն չի հրաժարվել իր սկզբունքներից:
Զբաղվել է հայոց պատմության նոր և նորագույն ժամանակաշրջանի հիմնահարցերի ուսումնասիրությամբ, լուսաբանել նախկինում գրեթե չուսումնասիրված հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են Անդրկովկասում և Արևելյան Հայաստանում 1861–1870 թթ. կայսերական Ռուսաստանի իրականացրած վերափոխումներին, հայ գյուղացիության և հասարակական-քաղաքական հոսանքների պատմությանը:
Վահան Ռշտունին հեղինակ է շուրջ 40 աշխատությունների, որոնցից են «Крестьянская реформа в Армении в 1870 г.» (Ер., 1947), «Հայ հասարակական հոսանքները և 1861, 1864, 1870 թթ. գյուղացիական ռեֆորմը» (Եր., 1956), «Հայ հասարակական հոսանքների պատմությունից. 19-րդ դարի 2-րդ կես, հետռեֆորմյան շրջան» (Եր., 1956), «Ուրվագծեր Հայաստանի գյուղացիության պատմության (1828 – 1917 թթ.)» (3 մաս, Եր., 1960, 1968) հետազոտությունները:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 20 ատենախոսություն:
1946 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
1956 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Վախճանվել է 1970 թ. փետրվարի 4-ին Երևանում: