Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1880 թ. հունվարի 15-ին Լոռու Վարդաբլուր գյուղում: Սովորել է տեղի, ապա՝ Ներսիսյան դպրոցում։ Ընդունվել է Գևորգյան ճեմարան, որն ավարտել է 1901 թ.:
1903–1908 թթ. սովորել է Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի բնագիտական բաժնում, որտեղ 1909 թ. նրան շնորհվել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք և դասավանդել բնագիտություն Շուշիի թեմական, Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) Արղության դպրոցներում, Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Երևանի ուսուցչական սեմինարիայում:
1920–1948 թթ. նա աշխատել է ԵՊՀ-ում․ ղեկավարել է կենդանաբանության ամբիոնը, որը հիմնադրել է ինքը: 1929 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1936–1939 թթ. եղել է բնագիտական ֆակուլտետի դեկան, դասախոսել նաև ԵրԲԻ-ում, ՀԳԻ-ում և Բաքվի մանկավարժական ինստիտուտում: Երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանության և ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտներում և Երևանի բնագիտական թանգարանում:
Հեղինակ է գիտական տասնյակ աշխատությունների, որոնք նվիրված են Հայաստանի կենդանական աշխարհի որոշ խմբերի, քաղցրահամ ջրերի ֆաունայի, գյուղատնտեսական վնասատուների ուսումնասիրությանն ու հայ կենսաբանական մտքի զարգացման պատմության լուսաբանմանը: Հիշատակելի են «Դարվինը և նրա ուսմունքը» (Եր., 1947), «Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում (հնագույն ժամանակներից մինչև XVIII դարը)» (Եր., 1955) մենագրությունները և «Ընդհանուր կենդանաբանություն» (Եր., 1939) դասագիրքը:
Արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Վախճանվել է 1954 թ. մայիսի 12-ին Երևանում: