- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՀԽ ՆԱԽԱԳԱՀ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Օգոստոս 25, 2020 | 15:32
Քաղաքականություն
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՀԽ ՆԱԽԱԳԱՀ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում նախագահ է վերընտրվել «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար է ընտրվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը:
Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի՝ նախապես ուղարկված և հաստատված օրակարգային առաջին հարցով նախատեսված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։
ՀԽ նախագահի պաշտոնում ԵՊՀ ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանն առաջադրեց ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի թեկնածությունը՝ փաստելով, որնա ղեկավարում է ամենամեծ համահայկական կառույցը, աշխատում բարերարների ու գործարարների հետ. «Նա իր պրոֆեսիոնալիզմով և հմտություններով կկարողանա կազմակերպել ֆինանսական ներհոսքը դեպի համալսարան և այն ավելի կայուն դարձնել: Բացի դրանից՝ կմեծացնի համալսարանի համագործակցության շրջանակը»:
Վազգեն Յակուբյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց, որ առաջարկությունն անակնկալ էր, և ասաց, որ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ ստիպված է մերժել առաջարկությունը, քանի որ ըստ նրա՝ ՀԽ նախագահի պարտականությունը բավականին ծանր և պատասխանատու գործ է, իսկ համատեղումն արդյունավետ չէ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջադրեց «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանի թեկնածությունը՝ նշելով, որ վերջինս համալսարանական է, դաշտում ընկալելի մարդ է, սրտացավ համալսարանի հանդեպ. «Նա մի մարդ է, որն անկախ տարբեր դրսևորումներից՝ պաշտպանում է համալսարանի շահը»:
Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն առաջադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի թեկնածությունը՝ փաստելով, որ համալսարանի ռազմավարության և տեսլականի համաձայն՝ ԵՊՀ-ն որպես հետազոտական բուհ կերտելու ակնկալիք կա, և որ Ս. Հայոցյանի՝ գիտության ոլորտում կազմակերպական աշխատանքները համակարգելու փորձառությունը կարող է այդ հարցում նպաստավոր լինել համալսարանի համար: Սարգիս Հայոցյանը հրաժարվեց իր թեկնածությունից:
Գևորգ Մուրադյանը, լինելով նախագահի միակ թեկնածուն, ներկայացրեց իր կենսագրությունը՝ նշելով, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող և դասախոս: Մասնակցել է մի շարք դրամաշնորհային և հետազոտական ծրագրերի: Գիտական գործունեություն է իրականացրել ԱՄՆ-ում, Իտալիայում և Գերմանիայում: Եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, իսկ հետո՝ գլխավոր խորհրդականը:
Գևորգ Մուրադյանին ՀԽ անդամները հղեցին տարաբնույթ հարցեր, մասնավորապես բուհի կառավարման ձևաչափի, տարբեր գործընթացներում մասնակցայնության, թափանցիկության ապահովման վերաբերյալ և այլն:
Ըստ Գևորգ Մուրադյանի՝ համալսարանի խնդիրները շատ են՝ սկսած կադրային քաղաքականությունից և ավարտած ֆինանսավորման հարցերով: Առկա պայմաններում, նրա համոզմամբ, ԵՊՀ ռեկտորը պետք է լինի կառավարիչ-մենեջեր և ունենա գիտնական տեղակալներ, այլ ոչ հակառակ տրամաբանությամբ: Նա նշեց, որ այս ընթացքում քննարկվել են մի շարք հիմնախնդիրներ, տարվել են բանակցություններ, և մշակվել լուծման եղանակներ:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների 18 կողմ ձայներով Գևորգ Մուրադյանը վերընտրվեց ՀԽ նախագահ:
Քարտուղարի պաշտոնում ԵՊՀ ասպիրանտ Ամալյա Սողոմոնյանն առաջադրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ վերջինս 4 տարի աշխատել է այդ պաշտոնում և գերազանց կատարել իր պարտականությունները: Գ. Մուրադյանը ևս հավանության արժանացրեց առաջարկը:
Միքայել Մալխասյանն իր ելույթում նշեց, որ կարևորն իրավական ընթացակարգին հետևելու գործելաոճն է: Մ. Մալխասյանի թեկնածությունը հաստատվեց ՀԽ անդամների 29 կողմ ձայներով:
Նիստի ամբողջական տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=ul3vbafML6I&t=7s :
Քնար Միսակյան