- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Հուլիս 06, 2020 | 14:14
Հասարակություն
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն ասաց, որ ԵՊՀ արհմիությունն ամեն տարի սոցիալապես անապահով ԵՊՀ աշխատողներին տրամադրել է ֆինանսական աջակցություն՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար. «Վերջին մեկ տարվա ընթացքում Արհմիությունը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի. գործատուն ԵՊՀ արհմիության անդամավճարները չի փոխանցում։ Վեճը գտնվում է դատարանում»։
Նրա խոսքով, մինչ դատարանի օրինական վճիռն Արհմիությունը, այնուամենայնիվ, պետք է ապահովի համալսարանականների ամառային հանգստի կազմակերպումը, քանի որ արձակուրդներն արդեն սկսվել են:
«Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ԵՊՀ արհմիությունը տուրիստական կազմակերպության հետ բանակցության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հնարավորություն տալով ԵՊՀ աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին կազմակերպելու ամառային հանգստի ուղեգրերի ձեռքբերումը բացառիկ զեղչով»,- ասաց Արմեն Ավետիսյանը:
Ըստ այդմ՝ այսուհետ համալսարանականներն իրենց և իրենց ընտանիքի անդամների հանգիստը կարող են կազմակերպել Հայաստանում գործող ցանկացած հանգստյան տանը, առողջարանում և հյուրանոցում՝ սահմանվածից 25% զեղչված գներով:
Առավել մանրամասն տեղեկություն ստանալու և ուղեգրեր ձեռք բերելու համար համալսարանականները կարող են դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ, հեռ.՝ (+374 60) 710-176, (+374 10) 554-612 ), ժամը 10:00-17:00-ն։
Քնար Միսակյան