- Գլխավոր
- Նորություններ
- «Նիկողոս Սարաֆեան. ի խույզ կորուսյալ միջավայրի». սփյուռքահայ մտավորականի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ Դավիթ Մոսինյանի մեկնաբանմամբ
Սեպտեմբեր 03, 2024 | 10:49
Գիտություն
Կարիերա
Հասարակություն
«Նիկողոս Սարաֆեան. ի խույզ կորուսյալ միջավայրի». սփյուռքահայ մտավորականի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ Դավիթ Մոսինյանի մեկնաբանմամբ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար, փ.գ.թ. Դավիթ Մոսինյանը Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտում էր (INALCO) նույն ինստիտուտի հայագիտության բաժնի գործընկերների հրավերով։ Այցի շրջանակում նա ուսանողներին և թեմայով հետաքրքրված անձանց ներկայացրեց իր հեղինակած «Նիկողոս Սարաֆեան. ի խույզ կորուսյալ միջավայրի» գիրքը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով հայ մտածողների սփյուռքյան փորձառությանը:
Դավիթ Մոսինյանի հետ զրուցել ենք գիրքը գրելու շարժառիթների, ինչպես նաև դասախոսության մասին:
- Պարո՛ն Մոսինյան, ո՞ր ծրագրի շրջանակում եք մեկնել Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտ (INALCO):
- Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտում գործում է Հայագիտության բաժին, որը բավական ակտիվ գործունեություն է ծավալում Անահիտ Տոնապետյանի ղեկավարությամբ։ Հայագիտության բաժինը սերտորեն համագործակցում է հայաստանյան «Ակտուալ արվեստ» հրատարակչության հետ, որն էլ «Բանք» հրատարակչության հետ համատեղ լույս էր ընծայել իմ՝ «Նիկողոս Սարաֆեան. ի խույզ կորուսյալ միջավայրի» գիրքը։ Հաշվի առնելով գրքի՝ սփյուռքյան փորձառության մասին լինելը՝ ինձ հրավիրել էին՝ ներկայացնելու այն։
- Կպատմե՞ք՝ ինչու եք սփյուռքահայ մտավորականներից անդրադարձել հենց Նիկողոս Սարաֆեանին:
- Կարծում եմ՝ Նիկողոս Սարաֆեանը 20-րդ դարի հայ մշակույթի կարևորագույն մտածողներից է, որը կարող էր իր ուրույն տեղն ունենալ նաև համաշխարհային միջավայրում, սակայն, ցավոք, մնացել է «ստվերում»։ Նա մտածելու տեղիք է տալիս այնպիսի իրողությունների շուրջ, որոնք չկային մինչ այդ։ Սարաֆեանը հետեղեռնյան Սփյուռքի բանաստեղծ է, և ինչ-որ առումով հենց նա է եղել Սփյուռքի գոյությունն ապահովողներից մեկը։ Միայն այդ հանգամանքը բավական է նրան «ստվերից հանելու» ջանքեր գործադրելու համար։
- Կմանրամասնե՞ք, թե ինչ հարցերի եք անդրադարձել գրքում:
- Գրքի հիմքում սփյուռքյան փորձառությունն է. այն ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինել օտար միջավայրում՝ և՛ բառի բուն, և՛ փիլիսոփայական իմաստով։ Այսինքն, մի կողմից Հայկական սփյուռքի կայացման և լինելության խնդիրն է, մյուս կողմից՝ անհատի՝ ստեղծագործ ազատ միջավայր ստեղծելու խնդիրը։
Գրքում ներկայացված է Սարաֆեանի անցած ճանապարհը՝ ուղղված նշյալ երկու խնդիրների լուծմանը։ Գրքում արծարծվել են Եղեռնի գեղագիտացման հարցը, Սփյուռքի ինքնության հնարավորությունը, հայ մշակույթի և Հայաստանի՝ աշխարհի հետ հարաբերվելու հեռանկարը, ինչպես նաև բանաստեղծելու և փիլիսոփայելու միջոցով ինքնության շարունակականությունն ապահովելու ճիգերը։ Այս իմաստով՝ աշխատությունն ավելի շուտ փիլիսոփայական է:
- Պարո՛ն Մոսինյան, Դուք Ձեր գրքի մասին դասախոսություն եք ներկայացրել Փարիզում՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտում: Կպատմե՞ք այս փորձառության մասին:
- Նիկողոս Սարաֆեանը ֆրանսիահայ բանաստեղծ է, որը 1923 թ. հաստատվել է Փարիզում և մինչև կյանքի վերջը՝ 1972 թ., ապրել է այնտեղ։ Ուրեմն, գրողին հարազատ Փարիզը նրան հասկանալու լավագույն միջավայրն է։ Հետևաբար, Փարիզում այս թեմայով դասախոսություն կարդալը կարևոր էր՝ պայմանավորված երկու հանգամանքով. նախ՝ դա բանաստեղծի հարազատ միջավայրն է, և հետո՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտում գործում է հայագիտության ամենակարևոր կենտրոններից մեկը, որը հայ մտածողներին անդրադառնալու լավագույն միջավայրերից է:
- Ինչպե՞ս ընդունեց լսարանը Ձեր գիրքն ու դասախոսությունը:
- Սփյուռքում, ինչպես նաև Փարիզում հայ մշակութային արժեքների ստեղծմամբ և քննադատությամբ զբաղվողների թիվը մեծ չէ։ Սակայն, բարեբախտաբար, Փարիզում դեռևս կան նշանավոր հայ մտածողներ. այնտեղ են Գրիգոր Պըլտեանը, Ժիրայր Մալխասեանը և երիտասարդ սերնդի մտավորականները, որոնք ներկա էին հանդիպմանը։ Առհասարակ ինձ հետաքրքրում է հայ մշակույթի՝ նրանց ըմբռնումը, նրանց էլ, կարծում եմ, հետաքրքրում է հայաստանյան դիրքորոշումը։ Այս ձևաչափով շփումները լավագույնն են Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ամրապնդելու առումով:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարևորություն ուներ Ձեր այցը:
- Հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք մշակույթի և կրթության միջազգայնացման անհրաժեշտություն, և այսպիսի միջոցառումներն ուղղակիորեն նպաստում են դրան։ Դեռ հոկտեմբերին մենք համալսարանում հիմնել ենք Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիա, որի հիմնական առաքելությունը հայոց պատմությունն ու մշակույթը համաշխարհային հարթակում տեսանելի դարձնելն է։ Այս այցը կարելի է նաև համարել այդ մեծ ծրագրի մի փոքր մասը։
- Որքանո՞վ է կարևոր հայ մեծանուն անհատներին պարբերաբար անդրադառնալն ու հանրությանը հասանելի դարձնելը։ Որո՞նք են Ձեր առաջիկա ծրագրերը:
- Մեծանուն անհատներին անդրադառնալն ինքնանպատակ չէ. այն կարևոր է առողջ քննադատական միջավայր և մշակութակենտրոն կյանք ստեղծելու տեսանկյունից:
Մեր հիմնական նպատակներից և առաջիկա ծրագրերից է հայկական մշակույթին և պատմությանը շարունակաբար անդրադառնալը՝ այս կամ այն չափով հնարավոր դարձնելով դիտարկելու այն «համաշխարհային քարտեզում»։