- Գլխավոր
- Նորություններ
- Հայկական ժողովրդական իմաստությունն աշխարհին՝ Դորա Սաքայանի եռալեզու առածարանների միջոցով
Փետրվար 24, 2025 | 11:00
Մարդու իրավունքներ
Մշակույթ
Հայկական ժողովրդական իմաստությունն աշխարհին՝ Դորա Սաքայանի եռալեզու առածարանների միջոցով
Երևանի պետական համալսարանում կայացավ ճանաչված լեզվաբան, հայագետ, թարգմանիչ, ՄաքԳիլլ համալսարանի պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր Դորա Սաքայանի երեք երկլեզու առածարանների շնորհանդեսը։ Նրա հեղինակած «Armenian Proverbs in English Translation», «2500 Armenische Sprichwörter in deutscher Übersetzung» և «2500 Proverbes Arméniens traduits en français» գրքերը (հայերեն-անգլերեն, հայերեն-գերմաներեն և հայերեն-ֆրանսերեն) ընթերցողին հնարավորություն են տալիս ծանոթանալու հայկական առածների խորությանը, բազմազանությանը և լեզվական առանձնահատկություններին։

Այս բացառիկ աշխատություններում զետեղված են 2500 հայկական առած-ասացվածքներ, որոնք հայերենին զուգահեռ թեմատիկ խմբավորումներով ներկայացված են նաև անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն։ Այդ մոտեցումը հնարավորություն է տալիս ոչ միայն ուսումնասիրելու հայկական առածների լեզվակառուցվածքային առանձնահատկությունները, այլև բացահայտելու դարերի ընթացքում ձևավորված հայ ժողովրդի հոգեկերտվածքը, կենսափորձը, մտածելակերպը, վարքուբարքը և հավատալիքները։
Դորա Սաքայանի աշխատությունները առանձնակի կարևորություն են ներկայացնում հայկական ժառանգությամբ ու ավանդույթներով հետաքրքրված ընթերցողների համար։ Այս գրքերը մեծապես նպաստում են հայագիտական ուսումնասիրություններին և ազգային մշակույթի տարածմանը միջազգային մակարդակով։
Գնահատանք և արժևորում

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհանդեսի ընթացքում շեշտեց անվանի գիտնականի աշխատությունների բացառիկությունը և նրանց դերը հայկական բանավոր ժառանգության պահպանման ու տարածման գործում։
Դորա Սաքայանը, որն այսօր ապրում և աշխատում է արտերկրում, իր կենսագրության որոշակի շրջափուլում աշխատել և մասնագիտական բեղուն գործունեություն է ծավալել ԵՊՀ-ում։ Անդրադառնալով այդ գործունեությանը՝ ԵՊՀ ռեկտորը առանձնահատուկ շեշտեց նրա ավանդը համալսարանի զարգացման գործում և կարևորեց այսօր էլ ԵՊՀ-ի հետ շարունակվող նրա մասնագիտական համագործակցությունը։
Շնորհանդեսին առցանց ձևաչափով միացել էր նաև հեղինակը, որին իր երախտագիտության և գնահատանքի խոսքերն անձամբ հղեց ԵՊՀ ռեկտորը՝ մասնավորապես նշելով. «Դորա Սաքայանի եռալեզու աշխատությունները ոչ միայն գիտական մեծագույն ավանդ են, այլև անգնահատելի ներդրում հայկական մշակույթի պահպանման ու տարածման գործում։ Շնորհավորում եմ այս հրաշալի նախաձեռնության կապակցությամբ և շնորհակալություն հայտնում նվիրումի ու մասնագիտական մեծ աշխատանքի համար»։

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, իր հերթին շնորհավորելով գրքերի լույսընծայման և հաջողված նախաձեռնության առթիվ, ընդգծեց այդ աշխատությունների նշանակությունը՝ որպես հայագիտության ոլորտի ձեռքբերում. «Մեծ պատիվ էր Դորա Սաքայանի վստահությունը ստանալ և իրականացնել այս հրատարակությունը։ Նրա գրական գործունեությունը և գիտական վաստակը բացառիկ նշանակություն ունեն հայագիտության համար։ Շնորհավորում եմ այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ»։
Առածարանը՝ հայերենը և հայկական մշակույթը ճանաչելու լավագույն աղբյուր
Տեսանյութ