- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԱՆՑԻՆԵՐԸ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑԵԼ ԵՆ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ». ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
Մայիս 05, 2021 | 14:50
«ՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԱՆՑԻՆԵՐԸ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑԵԼ ԵՆ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ». ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:
Հանդիպում-քննարկմանը ներկա էին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Ողջունելով ներկաներին՝ նա նշեց, որ շատ է կարևորում նմանօրինակ հանդիպումների անցկացման նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց հարգարժան դեսպանին՝ հանդիպման հրավերն ընդունելու, ինչպես նաև Իրանագիտության ամբիոնին նոր սարքավորումներ և տեխնիկական սարքեր նվիրելու համար:
Վարդան Ոսկանյանն ասաց, որ հանդիպում-քննարկման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն բարձրաձայնելու այն հարցերը, որոնք ծագել են տարածաշրջանի համընդհանուր փոփոխությունների արդյունքում:
Այնուհետ ներկաներին ողջունեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ շնորհակալություն հայտնելով Վարդան Ոսկանյանին հանդիպումը նախաձեռնելու, ինչպես նաև ֆակուլտետի դասախոսական կազմի ավագ ներկայացուցիչներին՝ ունեցած գիտական վաստակի համար. «Պետք է նշեմ, որ ինձ համար շատ հաճելի է նմանօրինակ հանդիպումներին մասնակցելը, քանի որ ներկա ուսանողներն ինձ ուժ և էներգիա են տալիս»:
Վերջինս իր խոսքը սկսեց հայ-իրանական դարավոր բարեկամությունից՝ նշելով, որ գրեթե 450 տարի հայերը բնակվում են Իրանում. «Հայերն Իրանում հիմնել են դպրոցներ ու կառուցել եկեղեցիներ՝ հավատարիմ մնալով իրենց կրոնին և հավատին, պահելով հայկական մշակույթը նաև Իրանում»:
Նրա խոսքով, հայերն ու իրանցիները դարեր շարունակ խաղաղ գոյակցել են միմյանց կողքին՝ պահպանելով խաղաղ գոյակցության սկզբունքները:
ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանն ուսանողներին ներկայացրեց հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմությունը՝ նշելով, որ երկու երկրներն էլ անցել են բազմաթիվ փորձությունների միջով, բայց հավատարիմ են մնացել բարեկամական հարաբերություններին:
Դեսպանն անդրադարձ կատարեց նաև տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությունների ներուժին, ինչպես նաև խոսեց տարածաշրջանային վերջին զարգացումների մասին. «Հաշվի առնելով վերջին փոփոխությունները՝ տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն ստեղծված հնարավորությունները բաց չթողնելու համար»:
Հանդիպման երկրորդ մասում քննարկում ծավալվեց ուսանողների և դեսպանի միջև՝ ելակետում ունենալով հայ-իրանական հարաբերությունների զարգացման հետագա հեռանկարները: