- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈԻԽ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՎԻԹ ԱՓՈՅԱՆԸ ՀԽ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՎ
Օգոստոս 25, 2020 | 15:19
Հասարակություն
ԵՊՀ ՈԻԽ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՎԻԹ ԱՓՈՅԱՆԸ ՀԽ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՎ
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի սկզբում խորհրդի անդամ Դավիթ Ափոյանն առաջարկեց ՀԽ նախագահի ընտրության վերաբերյալ փոփոխություն կատարել աշխատակարգում և թույլ տալ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին առաջադրվել:
Ըստ Դավիթ Ափոյանի՝ կա հակասություն ՀԽ աշխատակարգի և ԵՊՀ կանոնադրության միջև. «ԵՊՀ կանոնադրության մեջ գրված է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են ԵՊՀ ՀԽ անդամները խորհրդի անդամների կազմից, բացի ուսանողներից, Հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, մինչդեռ աշխատակարգով ավելացվել է այն սահմանափակումը, որ չի կարող նախագահ ընտրվել նաև բուհում հաստիքային աշխատողը»:
ՈԻԽ նախագահը նշեց նաև, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում նշվում է, որ Հոգաբարձուների խորհուրդը կարող է փոփոխություններ անել իր հաստատած աշխատակարգում. «Բացի դրանից՝ եթե այս հակասությունները մեկնաբանենք օրենքի տրամաբանությամբ, ապա կանոնադրությունը, որը հաստատվում է կառավարության կողմից, ունի ավելի մեծ իրավական կշիռ, քան աշխատակարգը»:
«Եվ եթե այստեղ կա հակասություն, որը, կրկին իմ համոզմամբ, մնացել է համալսարանի կարգավիճակը փոխելիս, երբ համալսարանը ՊՈԱԿ-ից վերակազմավորվեց հիմնադրամի, կարող է ազդեցություն ունենալ այսօրվա օրակարգում ներառված ՀԽ նախագահի ընտրության գործընթացի վրա»,- ասաց Դ. Ափոյանը:
Նա առաջարկեց օրակարգում ներառել ՀԽ աշխատակարգը կանոնադրությանը համաձայնեցնելու վերաբերյալ հարցը. «Համաձայնեցնենք ՀԽ աշխատակարգը կանոնադրությանը՝ հնարավորություն տալով պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին առաջադրվելու որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ»:
Առաջարկին ի պատասխան՝ Գևորգ Մուրադյանը նշեց, որ իրենք դեռևս անցած տարի՝ մասնավորապես ռեկտորի ընտրություններին նախապատրաստվելիս, ուսումնասիրել են ՀԽ աշխատակարգն ու կանոնակարգը:
«Տվյալ դեպքում իրավական խնդիրն առաջանում է այն տեսակետից, որ ԵՊՀ ՀԽ նախագահն այն անձն է, որը պայմանագիր է ստորագրում ռեկտորի հետ, որը իրավաբանական տեսանկյունից փաստացի համարվում է վերահսկող,-պարզաբանեց Գևորգ Մուրադյանը,- միաժամանակ ռեկտորը պայմանագիր է կնքում նույն մարդու հետ՝ որպես իր աշխատողի: Այստեղ առաջանում է շահերի բախում, սա է հիմնական պատճառը, որ այդ կետը ներառվել է և չի հանվել ի սկզբանե»:
Նրա խոսքով, կանոնադրությունը չի նշում, թե ԵՊՀ-ի, մասնավորապես դասախոսական անձնակազմից ընտրված անդամները պարտադիր պետք է լինեն հիմնական աշխատողներ. «Իրավական տեսանկյունից գիտխորհուրդը կարող է առաջարկել կամայական մարդու՝ հիմնական, ոչ հիմնական աշխատող, նույնիսկ դրսից: Այդ կետերի ներառման տրամաբանությունը շահերի բախում չառաջացնելու մեջ է»:
Հարցն օրակարգում ներառելու առաջարկը մերժվեց գիտխորհրդի կողմից:
Նիստի ամբողջական տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=ul3vbafML6I&t=7s :
Պատրաստեցին Անի Պողոսյանը, Քնար Միսակյանը