- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌԵԿՏՈՐԻ ԵՎ ԻՄ ՏՆՕՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
Օգոստոս 25, 2020 | 17:03
Հասարակություն
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌԵԿՏՈՐԻ ԵՎ ԻՄ ՏՆՕՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային երրորդ հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացներին:
ՀԽ նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանը Հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ դեռևս մարտին նախատեսված` ԵՊՀ ռեկտորի և ԻՄ տնօրենի մրցույթները հետաձգվեցին՝ պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությամբ:
Նրա խոսքով, եթե անգամ այդ ժամանակ նիստը տեղի ունենար, ապա ռեկտորի և տնօրենի ընտրության բուն գործընթացը կարող էր խնդրահարույց լինել ու վիճարկվեր դատարանում: Գևորգ Մուրադյանի հավաստմամբ, իրավական կարգավորում այն մասին, թե ինչ պետք է անել հիմա, չկա. «Հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է մրցույթ, եղել է հինգ թեկնածու, բայց գործընթացը կանգ է առել»:
Նրա կարծիքով, ԵՊՀ ՀԽ-ն բարձրագույն ղեկավարման մարմին է և լիազորված է որոշելու, թե ինչ քայլ պետք է ձեռնարկել հետագայում, բայց հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ Գևորգ Մուրադյանն առաջարկեց, որ ՀԽ-ն հարցում ուղարկի նախ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ հասկանալու, թե ինչ իրավակարգավորումներ կան տվյալ իրավիճակում, և դրան զուգահեռ՝ հարցում ուղարկի Արդարադատության նախարարություն:
ՀԽ նախագահի դիտարկմամբ, այդ գործընթացը կտևի 7-10 օր և թույլ կտա իրավական ճիշտ ճանապարհով կազմակերպել հետագա քայլերը. «ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը Հոգաբարձուների խորհրդի առջև ծառացած խնդիրներից առաջնայինն է այսօր»:
Երևանի պետական համալսարանի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հախումյանն առաջարկեց նոր մրցույթ հայտարարել կամ թույլ տալ այլ թեկնածուների ևս առաջադրվելու, քանի որ փոխվել են խաղի կանոնները և ՀԽ անդամները:
Նրա կարծիքով, կարելի է սպասել նաև մինչև կընդունվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որով այլ չափորոշիչներ են սահմանվում խորհուրդների և ռեկտորի ընտրության համար:
Գևորգ Մուրադյանը փաստեց, որ իրավական ճանապարհը պետք է պարզաբանվի, իսկ ինչ վերաբերում է նոր օրենքի ընդունմանը, ապա դրա ժամկետները դեռևս անորոշ են:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ օրենքի նախագիծը դեռևս կառավարությունում է և չի ուղարկվել ԱԺ: Բացի դրանից՝ նրա խոսքով, անիմաստ է այս պահին խոսել և քայլեր պլանավորել նախագծի դրույթների համաձայն, քանի որ դեռևս անհայտ է, թե վերջնական ինչ տեսք կունենա և ինչ ձևակերպմամբ կընդունվի օրենքի նախագիծը:
Հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ ընդունեց Գևորգ Մուրադյանի առաջարկությունը:
Նիստի ամբողջական տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=ul3vbafML6I&t=7s :
Քնար Միսակյան