- Գլխավոր
- Նորություններ
- «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼ, ՊԵՏՔ Է ՆԱԽԵՎԱՌԱՋ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԴՈՒԼ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ». ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Սեպտեմբեր 04, 2020 | 14:28
Հասարակություն
«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼ, ՊԵՏՔ Է ՆԱԽԵՎԱՌԱՋ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԴՈՒԼ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ». ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի համակարգչային դահլիճում այսօր անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադան (EJOI):
ysu.am-ը զրուցել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայի միջազգային կոմիտեի անդամ, ԵՊՀ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանի հետ:
Վերջինս տեղեկացրեց, որ մինչև 15 տարեկանների համար նախատեսված օլիմպիադային մասնակցում է աշխարհի 27 երկրներից 90 մասնակից. «Օլիմպիադայի կազմակերպիչ երկիրը Վրաստանն է, և պայմանավորված արտակարգ իրավիճակով՝ այն անցկացվում է առցանց եղանակով»:
Մասնագետի հաղորդմամբ, Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադան անցկացվում է դեռևս 2017 թվականից Բուլղարիայի առաջարկով:
Նրա տեղեկացմամբ, օլիմպիադան ընթանալու է երկու օր, յուրաքանչյուր օր՝ 4 ժամ տևողությամբ, որի ընթացքում մասնակիցները լուծելու են 3 խնդիր. «Ենթախնդիրները լուծելիս ամփոփվելու են մասնակիցների միավորները, և դրանց հիման վրա որոշվելու են հաղթողներն ու մեդալակիրները, որոնք լինելու են ոչ թե մեկը կամ երկուսը, այլ մի քանիսը»:
Նշենք, որ մասնակիցներն ընտրվել են ընտրական մրցույթներով՝ միջազգային կոմիտեի անդամի և թիմի ղեկավարների կողմից:
«Մեր թիմի հիմնական կորիզը Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի 8 աշակերտներն են, որոնց հետ մինչև օլիմպիադայի մեկնարկը մենք առցանց եղանակով պարապմունքներ ենք անցկացրել»,- ասաց Արմեն Անդրեասյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ այս օլիմպիադան հնարավորություն է ընձեռել ստեղծելու արտամրցութային թիմ, որի հետ նույնպես անցկացվել են առցանց պարապմունքներ:
«Քանի որ վերջին տարիներին միջազգային օլիմպիադաներում եվրոպական երկրների ցուցաբերած արդյունքները զիջում են արևելյան և խաղաղօվկիանոսյան երկրների ցուցանիշներին, ապա Եվրոպայում որոշեցին նմանաբնույթ օլիմպիադա կազմակերպել, որի արդյունքներով ուժեղագույնները կդառնան ապագայում կազմակերպվելիք միջազգային օլիմպիադայի կորիզը»,- ասաց Ա. Անդրեասյանը:
Խոսելով նմանաբնույթ օլիմպիադաներում ՀՀ թիմի մասնակցության նվազագույն քանակի և առկա բացթողումների մասին՝ ԵՊՀ ասիստենտն առանձնացրեց մի քանի կետ. «Օլիմպիադաներում մեր խնդիրն օլիմպիադայի հանրայնացումն է: Ըստ թվային տվյալների՝ «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների օլիմպիադաների մասնակիցների քանակի տարբերությունն էական է»:
Նման ցուցանիշը մասնագետը պայմանավորեց «Ինֆորմատիկա» առարկայի՝ ընդունելության քննություններում ներառված չլինելու և աշակերտների մոտիվացիայի պակասով:
«Եթե ուզում են հաջողություն գրանցել, պետք է նախևառաջ դուրս գալ ուսումնական ծրագրից և կազմակերպել աշխատանքն անդուլ աշխատասիրությամբ: Ցավոք, Հայաստանում քիչ են այդպիսինները»,- ասաց պարոն Անդրեասյանը:
Օլիմպիադայի մասնակից, «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Համլետ Պետրոսյանը նշեց, որ միջազգային օլիմպիադային իր մասնակցությունն արդեն կարևոր քայլ է հետագայի համար:
Ապագա ծրագրավորողի խոսքով, օլիմպիադայի առցանց եղանակով կազմակերպումը հավելյալ դժվարություն չի առաջացրել՝ շնորհիվ առարկայի բնույթի:
Համլետը նաև նշեց, որ օլիմպիադան անցկացվում է ընկերական մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուրը գիտի դիմացինի հնարավորությունները. «Մեկս մյուսի հնարավորությունները ճանաչելով՝ կարողանում ենք աջակցել ու օգնել միմյանց՝ այս կերպ ցուցաբերելով թիմային միասնություն»:
Նշենք, որ սեպտեմբերի 6-ին առցանց կկայանան օլիմպիադայի փակման արարողությունը և հաղթողների որոշումը:
Մեդալների հանձնումը, ըստ էության, կանցկացվի մյուս տարի, իսկ դիպլոմների հանձնման արարողությունը տեղի կունենա էլեկտրոնային եղանակով:
Անգին Խաչատրյան