- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՆՈՐԵԿՆԵՐԻՆ
Սեպտեմբեր 01, 2020 | 13:30
Հասարակություն
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՆՈՐԵԿՆԵՐԻՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր հյուրընկալել են առաջինկուրսեցիներին, նրանց ներկայացրել ֆակուլտետի կառուցվածքը, անցած ուղին և պարզաբանել, թե ինչպես է կազմակերպվելու ուսումնական գործընթացն առաջիկայում:
1998 թվականին ստեղծված ֆակուլտետում այժմ գործում է 3 բաժին` Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն և Հանրային կառավարում: Մեզ հետ զրույցում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանն ասաց, որ բոլոր բաժինների առաջինկուրսեցիներն այս օրերին այցելելու են ֆակուլտետ, որպեսզի առավել մանրամասնորեն և հանգամանորեն ծանոթանան ուսումնական գործընթացի կազմակերպման առաջարկվող հնարավորություններին:
«Երկու շաբաթ առաջինկուրսեցիները կհաճախեն ֆակուլտետ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները: Նրանք կծանոթանան դասախոսների հետ, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները և կփորձարկեն հեռավար ուսուցման գործիքակազմը, որից հետո ինչպես իրենց ավագ ընկերները, կանցնեն հեռավար ուսուցման»,- փաստեց Գեղամ Պետրոսյանը և նշեց, որ ավագ կուրսերի ուսանողների դասերը կմեկնարկեն առցանց:
Նրա խոսքով, հեռավար դասավանդումը ֆակուլտետում ներդրվել և կիրառվում է դեռևս 2018 թ. հոկտեմբերից, իսկ մարտի 3-ից էլ, երբ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ դադարեցվել էր ուսումնական գործընթացը, ֆակուլտետում ուսումնական գործընթացը «Moodle» համակարգի միջոցով իրականացվել է հեռավար:
«Այդ ընթացքում որևէ անհարմարություն, տեխնիկական որևէ անհանգստություն չի եղել, ինչը պայմանավորված էր նրանով, որ մեր ռազմավարական առաջնահերթություններից մեկը տարիներ շարունակ եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը կրթական գործընթացում»,- ասաց Գեղամ Պետրոսյանը:
Ֆակուլտետի դեկանի կարծիքով, իհարկե հեռավար ուսուցումը չի կարող ապահովել ցանկալի որակը, բայց այս պահին այն միակ հնարավորությունն է՝ շարունակելու ուսումնական գործընթացը, և այն պետք է հնարավորինս արդյունավետ կիրառել:
Քնար Միսակյան