- Գլխավոր
- Նորություններ
- «ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՔՆ ԸՆՏԱՆԻՔՆ Է». ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԸ
Սեպտեմբեր 01, 2020 | 16:41
«ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՔՆ ԸՆՏԱՆԻՔՆ Է». ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի ծննդյան 70-ամյակին:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Ժակ Մանուկյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, համակուրսեցիներ, ուսանողներ:
Հանդիսավոր նիստը վարում էր Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը, որը, շնորհավորելով Գեղամ Պետրոսյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, առանձնահատուկ նշեց այն մեծ ավանդի մասին, որ վերջինս ունի ֆակուլտետի կայացման ու զարգացման գործում:
«Այս տարիների ընթացքում պարոն Պետրոսյանի դրսևորած բարձր արժեքների շնորհիվ ֆակուլտետը քայլ առ քայլ բռնել է առաջընթացի ուղին,- ասաց Գարիկ Քեռյանը,- նրա ղեկավարման արդյունքում մեր ֆակուլտետը միշտ կարողացել է խուսափել տարատեսակ ֆորսմաժորային իրավիճակներից ու անցանկալի հետևանքներից»:
Պարոն Քեռյանը շեշտեց նաև Գեղամ Պետրոսյանի առանձնահատուկ մոտեցումն ուսանողների նկատմամբ, ինչի շնորհիվ նա շատ սիրված է վերջիններիս շրջանում:
«Ֆակուլտետի կարևորագույն մասն են կազմում մեր ուսանողները, որոնք դասախոսական կազմի դրսևորած մասնագիտական հմտությունների շնորհիվ կարողացել են իրենց արժանի տեղը գտնել ՀՀ պետական կառավարման ոլորտներում»,- նշեց պարոն Քեռյանը:
Նա առանձնացրեց Գեղամ Պետրոսյանի մեծ ներդրումը հայոց պատմության, մասնավորապես Առաջին հանրապետության հռչակման տարիների ուսումնասիրության մեջ:
Հոբելյարի՝ Առաջին հանրապետության հռչակման տարիների ուսումնասիրության մեջ ունեցած անգնահատելի ներդրման մասին խոսեց նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Վերջինս իր շնորհավորական խոսքում անդրադարձավ Գ. Պետրոսյանի ընտանիքին՝ նշելով, որ նա սերում է մտավորականների ընտանիքից և իր հոր արժանի հետևորդն է:
Բացի դրանից՝ պարոն Մինասյանն անդրադարձավ ֆակուլտետի դեկանի ծավալած գիտական գործունեությանը՝ փաստելով, որ 1918-1920-ական թվականների մասին իր մենագրություններով ու գիտական հոդվածներով կարողացել է մանրամասնորեն ուսումնասիրել հայոց պատմության այդ կարևոր շրջանը՝ պատասխանելով պատմական մի շարք հարցերի:
Արթուր Իսրայելյանը ևս, միանալով բազմաթիվ շնորհավորանքներին, ասաց, որ ֆակուլտետի սաների դիվանագիտական ձեռքբերումների վառ ապացույցն այս տարվա ամառային դպրոցի մասնակից դեսպաններն էին, որոնք եղել են ֆակուլտետի նախկին ուսանողները:
«Առիթ եմ ունեցել ճամփորդելու պարոն Պետրոսյանի հետ և բացահայտելու նրան որպես ճանապարհի անփոխարինելի ընկեր»,- հավելեց պրոռեկտորը:
Ռեկտորատի և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի անունից հոբելյարին շնորհավորեց ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:
Վերջինիս խոսքով, շատ խորհրդանշական է, որ Գեղամ Պետրոսյանը ծնվել է հենց սեպտեմբերի մեկին՝ Գիտելիքի և դպրության օրը, և շնորհակալություն հայտնեց նրան համալսարանական արժեքների նկատմամբ դրսևորած հավատարմության համար:
Էլինա Ասրիյանը հոբելյարին նվիրեց ԵՊՀ ռեկտորատի կողմից պատրաստված նվերը:
Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցան նաև դեկանի գործընկերները, համակուրսեցիները, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները:
Ջերմորեն շնորհավորելով Գեղամ Պետրոսյանին՝ բոլորն իրենց խոսքում նշեցին Գեղամ Պետրոսյան տաղանդավոր ղեկավարի, աշխատասեր գիտնականի ու հայ տղամարդու օրինակելի կերպարի մասին:
Միջոցառման վերջում Գեղամ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին կազմակերպված միջոցառման ու տրամադրած ժամանակի համար:
Անդրադառնալով կյանքի ամենամեծ ձեռքբերումներին՝ վերջինս առանձնացրեց իր ընտանիքի դերն ու կարևորությունը. «Կյանքում ամենակարևոր արժեքն ընտանիքն է, մնացյալ ամեն ինչ կստացվի այն աջակցության շնորհիվ, որ մարդը ստանում է իր թիկունքում կանգնած ընտանիքից»: