- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Հուլիս 02, 2020 | 17:12
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Իրավաբանական կլինիկան 2019-2020 ուսումնական տարում տոնում է իր 20-ամյակը։ Ինչպես նախորդ տարիներին, կլինիկան 20-րդ տարվա շրջանավարտներին ևս ճանապարհում է վկայագրերով, որոնք այս տարի ուսանողներին նախապես ուղարկվել էին փոստով։
Կլինիկական դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունն այս տարի տեղի է ունեցել առցանց, որին մասնակցել են Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, կլինիկայի աշխատակազմը և ուսանողները։
Ավարտական միջոցառման սկզբում ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, ամփոփելով անցնող տարին, նշել է, որ չնայած նրան, որ այս տարի, պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակով, կլինիկայի 2-րդ կիսամյակի գործունեությունն իրականացվել է հեռավար, այնուամենայնիվ այն բուռն և հագեցած է եղել։
«Այս տարի կլինիկական դասընթացն ավարտել է 30 ուսանող, որոնք ստացել են ավարտական վկայագրեր: Կլինիկան հաճախորդների ընդունելությունն իրականացրել է առավելապես առաջին կիսամյակի ընթացքում, որի արդյունքում ունեցել է շուրջ 85 գործ։ Դրանցից 65-ն արդեն ավարտված է, ընդ որում՝ 53-ը՝ դրական ելքով»,- փաստել է Քնարիկ Վարդանյանը:
Նա նաև նշել է, որ առաջին կիսամյակում «Իրավունք բոլորի համար» ծրագրում ընդգրկված ուսանողները ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործընկեր կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան» ՀԿ, Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիա) հետ համագործակցության շրջանակում իրավունքի տարբեր թեմաներով 19 սեմինար-դասընթացներ են անցկացրել Երևան քաղաքի 9 հանրակրթական դպրոցներում։
Իրավաբանական կլինիկայի տնօրենն ուսանողներին մաղթել է նորանոր ձեռքբերումներ մասնագիտական և անձնական կյանքի բոլոր ոլորտներում և հույս հայտնել, որ կլինիկայում ձեռք բերված հմտությունները նրանց կօգնեն գտնել իրավական հիմնախնդիրների հեշտ և արդարամիտ լուծումներ։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, շնորհավորելով ուսանողներին, փաստել է, որ ֆակուլտետի որդեգրած քաղաքականության համաձայն՝ տեսական լավ հիմքի վրա ուսանողներին գործնական հմտությունների փոխանցումն առաջնահերթություն է ֆակուլտետի համար։ «Այդ հարցում Իրավաբանական կլինիկայի գործունեությունն անմրցելի է: Իմ ամենամեծ ցանկություններից է, որ մեր բոլոր ուսանողները, առանց բացառության, ստանան կլինիկական կրթություն։ Մենք փորձում ենք ապահովել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Կլինիկայի շրջանավարտները ավանդաբար առավել մեծ հաջողություններ են գրանցում թե´ հետագա ուսման, թե´ պրակտիկ աշխատանքի ոլորտում։ Կան մի շարք նոր ծրագրեր, աշխատանքի նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ, որոնք կիրագործենք արդեն հաջորդ ուսումնական տարվա ընթացքում, այդ թվում, հնարավոր է, սեպտեմբերից աշխատանքը կազմակերպվի հեռավար»:
Դեկանն իր խոսքում նշել է նաև, որ ցավում է, որ այս տարի հնարավոր չեղավ կազմակերպել ավարտական վկայագրերի հանձնումը դասական եղանակով, տեսնել ուսանողներին և յուրաքանչյուրին հասցեական շնորհավորել: Մաղթելով շրջանավարտներին անձնական և գործնական հաջողություններ՝ Գագիկ Ղազինյանը նաև շեշտադրել է իրավագետի մասնագիտությանը հավատարիմ լինելու կարևորությունը:
Կլինիկայի դասախոս-համակարգող Տիգրան Մարկոսյանը փաստել է, որ Իրավաբանական կլինիկայի դասընթացներին մասնակցած ուսանողները հնարավորություն են ստանում ոչ միայն զարգացնելու իրենց գործնական հմտությունները, այլև կանոնակարգված միջավայրում աշխատելու և թիմային ջանքերով արդյունքի հասնելու փորձառություն են ձեռք բերում, ինչը շատ կարևոր է նրանց մասնագիտական գործունեության համար:
Դասախոսը նաև կարևորել է կլինիկայի կողմից իրականացվող աշխատանքների սոցիալական բաղադրիչը՝ սոցիալապես անապահով անձանց անվճար իրավական օգնություն տրամադրելը։ Տիգրան Մարկոսյանն ուսանողներին մաղթել է մնալ հավատարին մասնագիտական և մարդկային բարձր արժեքներին:
Կլինիկայի շրջանավարտ Կարոլինա Հարությունյանն իր շնորհակալական խոսքում, բացի տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունից, հատուկ շեշտադրել է «Իրավունք բոլորի համար» ծրագրի կարևորությունը: Նա նշել է, որ այն հնարավորություն է ստեղծում նպաստելու հասարակության իրավագիտակցության բարձրացմանը, ինչը հատկապես կարևոր առաքելություն է այսօր:
Կլինիկայի մեկ այլ շրջանավարտ Մանե Մարկոսյանն իր հերթին նշել է, որ կլինիկան հրաշալի հնարավորություն է չորս տարվա ընթացքում ձեռք բերված գիտելիքները կիրառելու պրակտիկայում․ «Դա առաջին քայլն էր ուսանողից մասնագետ դառնալու համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել կլինիկայի դասախոս-համակարգող Տիգրան Մարկոսյանին, որը, բացի մասնագիտական գիտելիքներից, ուսանողներին սովորեցրեց նաև ցանկացած գործի մոտենալ մասնագիտական բարձր պատասխանատվությամբ»:
Իրավաբանական կլինիկայի շրջանավարտ Անի Հովհաննիսյանն էլ իր խոսքում շնորհակալություն է հայտնել կլինիկայի դասախոս-համակարգող Հայկ Ալումյանին՝ իր գիտելիքները և փորձը ուսանողներին փոխանցելու համար, ինչպես նաև նշել, որ Իրավաբանական կլինիկան հնարավորություն է ընձեռում հեռակա ուսուցման կարգով սովորողներին առավել ակտիվ ներգրավվելու ֆակուլտետի կյանքի մեջ։
Միջոցառման ավարտին դասախոսները և ուսանողները փաստել են, որ Իրավաբանական կլինիկայի հաջողության գրավականներից մեկն այնտեղ ձևավորված առողջ և գիտելիքահեն մթնոլորտն է, որը թույլ է տալիս ապահովել կլինիկայի բնականոն և արդյունավետ գործունեությունը․ «ԵՊՀ իրավաբանական կլինիկան մի մեծ ընտանիք է, որտեղ ձևավորվում են ջերմ, մտերմիկ հարաբերություններ, մարդկային համակեցության իրավական և բարոյական նորմեր ու արժեքներ, որոնք մնայուն են հետագա ամբողջ կյանքի համար»։
Պատրաստեց Քնար Միսակյանը