- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԿՈՒ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Օգոստոս 25, 2020 | 12:57
Քաղաքականություն
ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԿՈՒ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի լիազորությունները:
Մենուա Սողոմոնյանն իր ելույթում նշեց, որ հարցն օրակարգում ներառելու հարցն ունի իրավական հիմնավորումներ: Իր ելույթում նա մասնավորապես նշել է. «Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների սույն խորհրդի կազմավորման և գործունեության մեջ կան իրավական բնույթի խնդրահարույց կողմեր, որոնք նույնիսկ կարող են կասկածի տակ դնել խորհրդի կողմից կայացվող որոշումների լեգիտիմությունը։ Ուստի անհրաժեշտ եմ համարում առաջնահերթ քննարկել ներկայացվող հարցը՝ այն ընդգրկելով օրակարգի մեջ՝ առաջարկված հարցերից առաջ։
Խորհրդի որոշ անդամների նշանակման ու գործունեության հետ կապված՝ առկա են ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի դրույթների խախտումներ կամ սուբյեկտիվ ու խնդրահարույց մեկնաբանություններ։ Ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների՝ նման խորհուրդների նույնիսկ մեկ անդամի նշանակման իրավական հիմքի խախտումն առ ոչինչ է դարձնում խորհրդի ցանկացած որոշում։
Պարոն Վահան Պապիկյանը Հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել հիմնադրի կողմից՝ որպես պետական պաշտոնյա՝ զբաղեցնելով կառավարության գործերի կառավարչի պաշտոնը։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական:
Օրենքի հաջորդ հոդվածները, ըստ այդմ, մանրամասն թվարկում են, թե որ պաշտոններն են համարվում համապատասխանաբար քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական (հոդվածներ՝ 5-րդ հոդվածի 1-ին մաս, 6-րդ հոդվածի 4-րդ մաս, 7-րդ հոդվածի 3-րդ մաս, 8-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Այդ պաշտոններից ոչ մեկի մեջ չի ընդգրկվում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնը։
Այն կարող է համարվել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձ («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը հստակ տարբերակում է այդ երկու խումբ պաշտոնները)։
Սա կարելի է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ նախկինում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն օգտագործում էր «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացությունը, որը ներկայումս փաստորեն փոխարինվել է «պետական պաշտոնատար անձ» հասկացությամբ, բայց քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք գործող օրենսդրությամբ ամբողջությամբ համարվել են հանրային ծառայողներ, ուստի գործող օրենսդրությունը տարբերակում է դրել պետական պաշտոն ունեցող հանրային ծառայողների և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողի միջև, քանի որ ըստ պաշտոնի հանրային ծառայության բարձր պաշտոն զբաղեցնողների (պետական պաշտոնների) համար առկա են ավելի խիստ սահմանափակումներ և այլ կարգավորումներ։ Ուստի այս համատեքստում ԵՊՀ կանոնադրության մեջ օգտագործված «պետական պաշտոն» հասկացությունը պետք է կիրառվեր գործող օրենսդրության նորմերի հիման վրա, այլ ոչ թե կամայականորեն։
Գևորգ Մուրադյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս խորհրդում անդամ է նշանակվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից՝ որպես տնտեսության ոլորտի ճանաչված ներկայացուցիչ կամ համալսարանի հետ համագործակցող գործատու։ Ընդ որում՝ Գևորգ Մուրադյանն այդ կարգավիճակում առաջադրվել է՝ լինելով մեր հասարակության շրջանում բոլորովին անհայտ «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր։ Հարգելի՛ գործընկերներ, փորձենք հասկանալ «Մետրիկա» ՍՊԸ-ի ճանաչվածությունը, ԵՊՀ-ի գործատու լինելու ներուժը և Գևորգ Մուրադյանի՝ բիզնեսի ոլորտում կայացվածության աստիճանը։ Մարդու գործունեությունը որոշվում է նրա նախապատվություններով։ Նախ՝ Գևորգ Մուրադյանը մինչև 2018 թվականի գարունը զբաղեցրել է պետական պաշտոն, 2017 թ․ խորհրդարանական ընտրություններում ընդգրկված է եղել ՀՀԿ համամասնական ցուցակում՝ փաստորեն ներկայացնելով ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ։ Բայց երբեք տնտեսական գործունեությամբ հայտնի չի եղել, չէր էլ կարող լինել, քանի որ ձեռնարկատիրական գործունեությունն անհամատեղելի է պետական պաշտոնի հետ։ Երկրորդ՝ չնայած իմ համառ ջանքերին, և ես համոզված եմ, որ այլ գործընկերներ ևս ջանքեր գործադրած կլինեն այդ ուղղությամբ, «Մետրիկա» ՍՊԸ-ի՝ մեր երկրի տնտեսության մեջ ունեցած դերի, նրա տված տնտեսական արդյունքի վերաբերյալ ոչինչ չեմ գտել։ Այդ ՍՊԸ-ն իր գործունեության ծավալներով ու գրանցած արդյունքներով չի կարող համարվել ո՛չ ԵՊՀ գործատու, ո՛չ տնտեսության ոլորտի ճանաչված ներկայացուցիչ։ Եթե փորձենք ինտերնետում փնտրել այդ ՍՊԸ-ն, ապա դրա գործունեության մասին չկա տեղեկատվություն, ավելի շատ նյութեր կհայտնվեն՝ «Մետրիկա» ՍՊԸ-ն հիշատակելով հենց նրա հիմնադրի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ կամ անդամ դառնալու կապակցությամբ։ Այսինքն՝ ոչ թե «Մետրիկա» ՍՊԸ-ն է հայտնի դարձրել Գևորգ Մուրադյանին, ինչի շնորհիվ նա հայտնվել է այս խորհրդում, այլ Գևորգ Մուրադյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում հայտնվելն է հայտնի դարձրել «Մետրիկա» ՍՊԸ-ն։ Ուստի սրանով բացահայտ խախտվում է ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը։
Գևորգ Մուրադյանը, անդամակցելով նաև Հոգաբարձուների նախորդ խորհրդին, ոչ միայն չի պահպանել ֆիդուցիար պատասխանատվության իր շրջանակը, այլև ակնհայտ գործել է համալսարանի շահերի դեմ։ Ֆիդուցիար պատասխանատվությունն իրավաբանության մեջ գոյություն ունեցող սկզբունք է, որը սահմանում է, որ հաստատության, իրավաբանական անձի պաշտոնյան, խնամակալը (իսկ հիմնադրամի հոգաբարձուն այդ իսկ հիմնադրամի խնամակալն է) պետք է բացառապես իր խնամակալությանը հանձնված հաստատության շահերից բխող գործունեություն վարի և չառաջնորդվի որևէ այլ շահերով, դիրեկտիվներով կամ անձնական շահերով։
Գևորգ Մուրադյանը, որը 2018 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մարտը՝ մեկուկես տարի, եղել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը, հակառակ իր խոստման՝ «մեծ նպաստ բերել համալսարանին՝ այն բարեփոխումների ճանապարհով տանելու համար, ավելի ինտենսիվ անցկացնել հոգաբարձուների խորհրդի նիստերը, պարբերաբար հանդիպումներ ունենալ դասախոսների և ուսանողների հետ…», ոչ միայն չի կատարել համալսարանի զարգացմանն ուղղված որևէ նշանակալի կամ ոչ նշանակալի քայլ, ոչ միայն բավարարվել է համալսարանում բարձրաստիճան պաշտոնների իր մտերիմներին նշանակել տալով, այլև ակնհայտ գործել է համալսարանի շահերի դեմ՝ մասնավորապես, առանց հիմնավորելու, խախտելով ֆիդուցիար պատասխանատվության սահմանները, առանց համապատասխան հետազոտական հիմքերի, առաջնորդվելով բացառապես հրահանգով ու կատարելով քաղաքական պատվեր, որոշում է անցկացնել տվել փակել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը՝ սրանով հակադրվելով ԵՊՀ գիտխորհրդի որոշման տրամաբանությանը և անտեսելով ուսանողության պահանջներն ու բողոքները։ Հոգաբարձուների խորհուրդը, համաձայն ԵՊՀ կանոնադրության և իր աշխատակարգի, իրավասու է դադարեցնել իր անդամի կամ անդամների լիազորությունները։ Այս դեպքում ֆիդուցիար պատասխանատվության շրջանակի և նշանակման հետ կապված դրույթի խախտումը լուրջ հիմք է մի մասով Վահան Պապիկյանի, երկու մասով՝ Գևորգ Մուրադյանի լիազորությունները դադարեցնելու համար։ Ուստի, ելնելով վերը նշված փաստարկներից, առաջարկում եմ օրակարգում ընդգրկել Վահան Պապիկյանի և Գևորգ Մուրադյանի՝ այս խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը»։
Գևորգ Մուրադյանն ի պատասխան ասաց, որ թերևս լավ չեն ծանոթացել իր կենսագրությանը և հիշեցրեց, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Փաստեց, որ աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող և դասախոս: Զբաղվել է քվանտային տեխնոլոգիաներով, գիտական գործունեություն է իրականացրել ԱՄՆ-ում, Իտալիայում և Գերմանիայում, իսկ Վահան Պապիկյանն ասաց, որ պատրաստ է հրաժարվել անդամակցությունից, եթե ներկայացված փաստարկներն ապացուցվեն:
Հարցն օրակարգում ներառելու առաջարկությունը քննարկումների առիթ դարձավ: Անդամներից ոմանք փաստեցին, որ Գևորգ Մուրադյանը լավ դասախոս է, մեծ ներդրում ունի գիտության ոլորտում, ինչին ի պատասխան՝ Մենուա Սողոմոնյանը հիշեցրեց, որ չեն վիճարկվում Գևորգ Մուրադյանի անձը և գործունեությունը, այլ հարցը, թե ինչ հիմքով է նա ընտրվել ՀԽ անդամ. այն է՝ տնտեսության ոլորտի ներկայացուցիչ և համալսարանի գործատու:
Քննարկման հիմք դարձավ նաև առաջարկությունն օրակարգում ներառելու քվեարկության ձևը. ՀԽ անդամներից մի մասը պնդեց, որ այն պետք է քվեարկել միանգամից, մյուս մասը՝ առանձին-առանձին: Ի վերջո, առաջարկությունը քվեարկության դրվեց միանգամից և չհաստատվեց ՀԽ անդամների կողմից:
Քիչ անց Մենուա Սողոմոնյանը լքեց նիստերի դահլիճը՝ նշելով, որ իր կողմից բարձրաձայնված հիմնավորումները կներկայացնի դատական ատյաններում:
Նիստի ամբողջական տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=ul3vbafML6I&t=7s :
Քնար Միսակյան