- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Հուլիս 02, 2021 | 17:35
Հասարակություն
ԵՊՀ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգային ծառայությունները և տեղական ինքնակառավարման արդյունավետությունը. միջդիսցիպլինար հեռանկարներ» թեմայով ծրագրի ներկայացումը:
Մեզ հետ զրույցում Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանն ասաց, որ կենտրոնն իրականացնում է բազմաշերտ գործունեություն. «Մեր կենտրոնի հիմնական նպատակն է հանրապետությունում էկոլոգիական օրենսդրության գնահատումը, որոշակի բացերի, թերությունների վերաբերյալ բարձրաձայնումը, ինչպես նաև մեր և մեզ նման այլ կազմակերպությունների ձայնը լսելի դարձնելը»:
Նրա խոսքով, նպատակների իրագործման համար կենտրոնը համագործակցում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա առաջատար ուսումնական հաստատությունների, միջազգային կառույցների և ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների հետ:
Մեզ հետ զրույցում Օլիմպիա Գեղամյանն ասաց, որ «Անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգային ծառայությունները և տեղական ինքնակառավարման արդյունավետությունը. միջդիսցիպլինար հեռանկարներ» թեմայով նոր ծրագրի տևողությունը երկու տարի է. «Այն մեկնարկել է 2020 թ. սեպտեմբերից և կտևի մինչև 2022 թվականը: Ծրագիրը միջգիտակարգային է, իրականացվելու է հինգ համայնքներում»:
Ծրագրի հիմնական խնդիրն է հասկանալ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը ՀՀ-ում անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ոլորտում:
Նոր ծրագրի հետազոտական թիմում ներառված են կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը, ծրագրի ղեկավար, կենտրոնի ավագ գիտաշխատող Հեղինե Գրիգորյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս Էլյանորա Մաթևոսյանը, ինչպես նաև ԵՊՀ դասախոս, Ժնևի համալսարանի պրոֆեսոր Գոռ Մովսիսյանը:
«Փորձելու ենք ժամկետների պահպանմամբ գնահատել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգային ծառայությունները և տեղական ինքնակառավարման արդյունավետությունը, որ հստակ իմանանք ներկայիս իրավիճակը, հասկանանք, թե ինչ ռեսուրսներ կան, ինչպես են դրանք օգտագործվում և թե ինչքանով են տեղական ինքնակառավարման մարմինները ներգրավված այդ գործընթացում, որովհետև կարծում ենք՝ դրանք առաջնային դեր և նշանակություն ունեն, քանի որ ամենամոտն են հասարակությանը»,- նշեց Օլիմպիա Գեղամյանը:
Ըստ նրա՝ այսօր հրավիրված քննարկումը մեկնարկային միջոցառում կարելի է համարել. «Այս ընթացքում իրականացվել է որոշակի հետազոտություն, կան փուլային որոշ արդյունքներ, որոնք այսօր ներկայացվում են շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին:
«Հրավիրված են բոլոր այն համայնքների ներկայացուցիչները, որտեղ իրականացնելու ենք ծրագիրը: Բացի դրանից՝ հրավիրված են Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց ցանկանում ենք ներկայացնել ծրագրի նպատակը, ինչպես նաև ստեղծել կամուրջներ հետագա համագործակցությունների համար»,- փաստեց կենտրոնի ղեկավարը:
Մեզ հետ զրույցում ծրագրի հետազոտող Գոռ Մովսիսյանը, խոսելով ծրագրի նպատակի մասին, փաստեց, որ կան համայնքներ, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ, բայց և որոնց կողքին կան այդ խնդիրների լուծման հնարավորություններ. համայնքները գտնվում են այնպիսի տարածքներում, որոնք հարուստ են բնական տարբեր ռեսուրսներով:
«Սա պարադոքսալ իրավիճակ է, երբ մի կողմից համայնքն ունի խնդիրներ, բայց մյուս կողմից կան ռեսուրսներ, որոնք անհասկանալիորեն չեն նպաստում այդ խնդիրների լուծմանը: Մեր հետազոտությամբ մենք նախ փորձում ենք հասկանալ պարադոքսալ այս իրավիճակի պատճառը, պարզել, թե այդ ռեսուրսներն ինչ դերակատարություն ունեն համայնքների զարգացման գործում, և եթե չունեն, ապա գտնել դրա հիմնական պատճառը»,- ասաց Գոռ Մովսիսյանը:
Նրա խոսքով, ծրագրի նպատակն է ոչ միայն վերլուծել, այլ նաև ցույց տալ էկոհամակարգային այն ծառայությունները, որոնք համայնքներում կան, և հնարավոր այն ճանապարհները, որոնցով համայնքը կարող է օգուտ ստանալ՝ այդ ծառայությունները կիրառելով:
Հետազոտության որոշակի արդյունքների մասին խոսելով՝ Գոռ Մովսիսյանը փաստեց, որ ներկայումս մշակված է հետազոտության մեթոդիկան, հավաքագրվել են առաջնային գնահատման համար անհրաժեշտ տվյալները. «Մյուս փուլով կիրականացնենք հարցազրույցներ, որոնց հիման վրա արդեն ի հայտ կգան ընդհանրություններ, ինչից հետո էլ կսկսենք հաջորդ փուլը, որով կգնահատենք արտաքին արդյունավետությունը»:
Քնար Միսակյան