- Գլխավոր
- Նորություններ
- ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՀԱՍՄԻԿ ՏՈԼՄԱՋՅԱՆՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ-ՖՐԱՆՍԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիս 27, 2020 | 17:25
Հասարակություն
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՀԱՍՄԻԿ ՏՈԼՄԱՋՅԱՆՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ-ՖՐԱՆՍԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար տեսակապի միջոցով հանդես է եկել դասախոսությամբ։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների համար կազմակերպված ամառային դպրոցի շրջանակում տեղի ունեցած հանդիպման սկզբում ամառային դպրոցի ղեկավար, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Հասմիկ Տոլմաջյանին՝ ամառային դպրոցի մասնակիցներին ՀՀ- Ֆրանսիա հարաբերությունների առանձնահատկությունը ներկայացնելու համար։
Ֆակուլտետի դեկանը նշեց, որ դեսպան Հ. Տոլմաջյանը 1996 թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժինը (1998 թ. բաժինն առանձնացել և դարձել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ)։
Դասախոսության ընթացքում Հասմիկ Տոլմաջյանը պատմական փաստերով ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունների հաստատումն ու զարգացման ընթացքը, որից հետո փաստեց, որ այժմ երկու երկրների միջև հաստատված են քաղաքական սերտ երկխոսությամբ և անխտիր բոլոր ոլորտներում դինամիկ զարգացում ապրող փոխգործակցությամբ երկկողմ հարաբերություններ։
Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպմանն անդրադարձավ նաև Արցախյան հիմնահարցի նկատմամբ Ֆրանսիայի դիրքորոշմանը, խոսեց Ֆրանսիայում հայ համայնքի մասին, պարզաբանեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի դիրքորոշումը։
Տիկին Տոլմաջյանը հանդիպում-դասախոսության ընթացքում խոսեց նաև Ֆրանսիա-Թուրքիա և Ֆրանսիա-ՌԴ հարաբերությունների դինամիկայի մասին։ Նա անդրադարձավ նաև ԵՄ-ում Ֆրանսիայի վարած քաղաքականությանը։
Քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիային և դրա վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշմանը։ Դեսպանը պատասխանեց նաև ունկնդիրների հարցերին։
Հիշեցնենք, որ ամառային դպրոցը մեկնարկել է հուլիսի 15-ին և իրականացվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում:
Պատրաստեց Քնար Միսակյանը