- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԱՆՄԱՀԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՐՑՈՒՅԹ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մայիս 18, 2021 | 16:05
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԱՆՄԱՀԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՐՑՈՒՅԹ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ գրադարանի նախասրահում մեկնարկել է 2020 թ. պատերազմին մասնակցած և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ԵՊՀ ուսանողների ու աշխատակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի (հուշահամալիրի) բաց մրցույթի էսքիզային առաջարկների ցուցադրությունը:
Դեռևս մարտին հայտարարված մրցույթի նպատակն է ընտրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին մասնակցած և հերոսաբար զոհաբերած ԵՊՀ ուսանողների ու աշխատակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի (հուշահամալիրի) կառուցման համար լավագույն նախագծային առաջարկությունը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը փաստեց, որ մրցույթի հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է ապրիլի 30-ին. «Մեզ ներկայացվել է էսքիզային 7 առաջարկ, որոնք բոլորը ցուցադրված են ԵՊՀ գրադարանի նախասրահում»:
Լևոն Հովսեփյանը տեղեկացրեց, որ մրցույթի համար սահմանված է մրցանակային երեք տեղ, որոնց հաղթողներին որոշելու է հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են հայտնի ճարտարապետներ, համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանական զոհված ուսանողների ծնողներ. «Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած էսքիզային նախագիծը հիմք է ընդունվելու կառույցի իրականացման համար»:
Նրա խոսքով, մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ, որից գլխավոր մրցանակը կազմում է 500.000 ՀՀ դրամ, երկրորդ մրցանակը՝ 300.000 ՀՀ դրամ, երրորդ մրցանակը՝ 200.000 ՀՀ դրամ:
Գիտական քարտուղարը նշեց նաև, որ ներկայացված էսքիզները ցուցադրվելու են մեկ շաբաթ՝ մրցույթի արդյունքներն ամփոփելուց առաջ և ևս մեկ շաբաթ՝ մրցույթի հաղթողներին հայտարարելուց հետո:
Էսքիզային առաջարկությունները ներկայացնում ենք ստորև.
Հուշահամալիրի էսքիզային առաջարկը ներկայացնում է տրավերտինե սալերով պատված հարթակ, որի վրա վեր են խոյանում իրար խաչվող քրոմապատ մետաղական խողովակներ՝ տարածության մեջ կազմելով խաչերի խումբ: Խաչերը պատված են հայելանման արտացոլող նյութով, որի շնորհիվ շրջակա միջավայրը և բնությունն արտացոլվում են նրանց մեջ, և ստեղծվում է տեսիլքային տպավորություն, միաձուլում շրջապատի հետ: Խաչերը, կազմելով եռաչափ կառուցվածք, պահվում են մեկը մյուսով և միայն չորս կետում են հենվում հատակին՝ ստեղծելով «ճախրող խաչերի» պատրանք:
Հուշարձանը նախատեսվում է իրականացնել 2.5 x 2.5 բազալտե հարթակի վրա վարդագույն բազալտի մեծաչափ քարերով: Բարձրությունը կազմում է 2.75 մ:
Հուշարձանը նախատեսվում է տեղադրել գոյություն ունեցող Հայրենական մեծ պատերազմում զոհված համալսարանականների հուշարձանի հարևանությամբ՝ պահպանելով նույն բարձրությունը՝ 3 մ: Հուշարձանի անկյունում նախատեսված ցայտաղբյուրից ջուր խմել ցանկացողներն այդկերպ կհաղորդակցվեն զոհված տղաների հետ:
Հուշահամալիրի հիմնական էլեմենտներն են բաց խորանը և հուշապատը: Բաց խորանն ունի արծվի կերպար և խորհրդանշում է իր հողի վրա ամուր կանգնած հայ զինվորին: Խորանում հնարավոր է իրականացնել մոմավառություն: Հուշապատը, որը զուգահեռ է հետիոտն արահետին, նախատեսված է անմահացած համալսարանականների անունները հավերժացնելու համար: Հուշահամալիրը նախատեսվում է իրականացնել սպիտակ տրավերտինով:
Հուշակոթողը ներկայացված է արցախյան դրոշի խորհրդանիշով՝ պսակված խաչքար-հուշաղբյուրի տեսքով: Հուշակոթողը նախատեսվում է իրականացնել փամբակի մոխրագույն գրանիտե կամ բազալտե քարաբալկոներից՝ մակատեսքի ողորկված և ծեծված մշակումների համադրությամբ:
Հուշահամալիրի պատերազմական մարտադաշտի զինվորական «խրամատի» մի հատված է: Խրամատի երկարություն է ընտրվել խորհրդանշական 44 մ (պատերազմի օրերի թիվը)` օգտագործելով 44 բետոնե հարթակներ, իսկ լայնական հատույթի չափերն ընդունվել են այնպես, որ անցորդներն իրենց մի պահ զգան խրամատի մեջ: Խրամատի հատակը նախատեսվում է իրականացնել բետոնե մեկ մետր երկարություն ունեցող սալիկներից, որոնց վրա կլոր անցքերի տեսքով խորհրդանշվում են արկերի ու գնդակների հետքերը,իսկ խրամատի վերջում հատակի սալերի չափերով նախատեսվում է հաստ ապակու շերտի տակ տեղադրել ծիրանագույն տուֆից հավերժության նշանով քանդակ: Խրամատի ճակատային կողմը նախատեսվում է երեսպատել 5-6 մմ հաստության պողպատե թերթերով, որոնց վրա արծաթափայլ տառերով գրվում են զոհված համալսարանականների անունները: Անունների միջև նախատեսվում են հայկական զարդանախշով երեք հարթաքանդակներ՝ սև, դարչնագույն և ծիրանագույն տուֆերից: Խրամատի թիկունքային պատը նախատեսվում է իրականացնել մշտադալար խիտ թփուտների խուզված ուղղանկյուն հատույթի հենապատով, որ երկու տեղում ընդհատվում է փայտե նստարաններով:
Հուշարձանի հիմնական գաղափարը բարու և չարի պայքարն է: Արծվի ճանկերում է չարը՝ անշնչացած ու ջախջախված վիշապը: Արծիվը մեր զինվորների ոգին է՝ հզոր և առնական: Աջից և ձախից խաչքարերն են, որոնք խորհրդանշում են հետևյալը. հաղթանակի հասնում են միայն ֆիզիկականի և հոգևորի միասնության դեպքում: Սպիտակը խորհրդանշում է մաքրություն, լավատեսություն, լույս:
Քնար Միսակյան