- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ
Մարտ 24, 2021 | 15:37
Հասարակություն
ԵՊՀ ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ ԵԳԻ թանգարանի հիմնադիր, առաջին տնօրեն, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի 145-ամյակին նվիրված «Մարդը և քարը» խորագիրը կրող մրցույթ-ցուցահանդես:
Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը, Մեծ Բրիտանիայում հիմնադրված «go.Earth.art» շարժման հիմնադիրներ Պաուլո Դուարտե Ֆիլիպեն և Լյուսինե Բրայտշադելը:
Ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի 17 երկրից 151 ներկայացուցիչ՝ ներառյալ 6 արվեստի կենտրոն, 18 թանգարան, որոնց թվում էր նաև ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանը:
Մեզ հետ զրույցում Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը նշեց, որ մրցույթ- ցուցահանդեսն անցկացվում է ամիսներ շարունակ. «Մեկ տարի առաջ մեկնարկեց «Մարդը և քարը» խորագրով միջոցառումը, որը, պայմանավորված համաճարակային իրավիճակով, նախապես անցկացվել է առցանց: Մեզ միացել են 17 երկրների 151 ներկայացուցիչ, ինչն աներևակայելի մեծացրել է միջոցառման ճանաչելիությունը»:
Վերջինիս հավաստմամբ, մրցույթ-ցուցահանդեսի նպատակը քարի դարից մինչև այսօր մարդու և քարի փոխկապակցվածությունը ցույց տալն է:
Մրցույթ-ցուցահանդեսի ընթացքում մասնակիցները ներկայացրին արվեստի բնօրինակ բազմապիսի գործեր, կարևորեցին բազմավաստակ ու միջազգային ճանաչում ունեցող գիտնական Հովհաննես Կարապետյանի դերը երկրաբանության զարգացման մեջ, ինչպես նաև պարգևատրվեցին Հովհաննես Կարապետյանի անվան հուշամեդալով:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև կորեական և ճապոնական գեղանկարներ:
Ողջունելով ներկաներին՝ ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն ասաց, որ ուրախ է երկու թանգարանների միջև համագործակցության համար:
Տիկին Գասպարյանը հյուրերին ներկայացրեց մրցույթ-ցուցահանդեսում ԵՊՀ պատմության թանգարանի կողմից ներկայացված նմուշը՝ Բեռլինյան պատի բեկորը, մանրամասնեց բեկորի ստեղծման պատմությունը: Հ. Գասպարյանի տեղեկացմամբ, այդ բեկորը ԵՊՀ պատմության թանգարանին 2017 թ. հոկտեմբերին նվիրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Ուդո Միխալլիկը. այն գերմանացի ժողովրդի միավորման խորհրդանիշն է:
Անգին Խաչատրյան