- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
Ապրիլ 30, 2021 | 15:50
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները:
Տեղեկացնենք, որ Գյումրու «Նոր լույս» ՀԿ-ն հիմնադրվել է 2009 թվականին:
Կազմակերպության նպատակն է նպաստել դեռահաս աղջիկների կրթմանն ու զարգացմանը,
օգնել նրանց դառնալ ավելի ինքնավստահ, ճանաչել սեփական իրավունքներն ու պարտականությունները:
Մեզ հետ զրույցում «Նոր լույս» ՀԿ-ի խմբային հանդիպման պատասխանատու Ալինա Մարտիրոսյանը նշեց, որ ծրագիրը նախապես նախատեսված է եղել մանկատների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար, սակայն տարեցտարի ծրագիրն ընդլայնվել է՝ ներգրավելով արդեն դեռահաս աղջիկների:
«Ծրագիրն իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլն անձի բացահայտման ծրագիրն է, որը կազմակերպվում է հոգեբանական հայտնի թեստերի միջոցով և մենթորների կողմից, երկրորդ փուլում տարբեր հմտություններ ու ունակություններ ունեցող սաներն արդեն ընտրում են մասնագիտություններ, իսկ դրանց նպաստում են ՀՀ տարբեր բուհեր այցելությունները: Արդեն երրորդ փուլում ուսանող դարձած մեր սաներին տրամադրում ենք կրթաթոշակներ և տարբեր ծրագրերի միջոցով պահպանում նրանց հետ հետադարձ կապը»,- նշեց Ալինա Մարտիրոսյանը:
Սաներին առաջինը հյուրընկալեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը: Նրանց ողջունեց Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը:
Վերջինս ներկայացրեց ամբիոնի գործառույթները, «Սերվիս» մասնագիտության առավելությունները. «Հասարակությունը ծառայությունների կարիք ունի: Ծառայել գործընթացն ունի չորս բաղադրիչ. պատրաստակամություն, շփում, ուղղորդում կամ կոորդինացում և ընկալում: «Սերվիս» մասնագիտության նպատակը վերոնշյալները սերմանելն է, մարդկանց զարգացնելը և մարդային հարաբերությունները կանոնակարգելը»:
Մասնագիտության ընտրության հարցում Սեյրան Սուվարյանը խորհուրդ տվեց այն ընտրել ոչ թե «զոհ գնալով» առկա կարծրատիպերին կամ մոդայիկ լինելու մոլուցքին, այլ հետևել շուկայի պահանջներին:
«Նոր լույս» ՀԿ-ի սաները եղան նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որտեղ ծանոթացան ֆակուլտետի պատմությանը և գործառույթներին:
Նրանց դիմավորեցին ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը և Հանրային կառավարման ամբիոնի վարիչ Վահագն Ագլյանը:
Սաներին առանձնապես հետաքրքրեց Հանրային կառավարում ամբիոնի գործառույթները, կրթական ծրագրերը, որոնց էլ մանրամասն անդրադարձավ ամբիոնի վարիչը:
Նշենք, որ «Նոր լույս» ՀԿ-ի սաները շրջայց կատարեցին ԵՊՀ սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի ֆակուլտետներում և ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում:
Շրջայցի ավարտին «Նոր լույս» ՀԿ սաներից Աիդա Մարտիրոսյանը նշեց, որ ԵՊՀ այցելությունը, նախընտրելի ֆակուլտետներում շրջայցը և ծանոթությունը լավագույն օգնությունն էր ապագա դիմորդների համար:
Անգին Խաչատրյան