- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ-Ի ՈՒ ԻՐԱՔԻ ԴՀՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Օգոստոս 26, 2020 | 13:39
Քաղաքականություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ-Ի ՈՒ ԻՐԱՔԻ ԴՀՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի և Իրաքի Դհոկի համալսարանի միջև այսօր կնքվեց համագործակցության համաձայնագիր:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը:
Վերջինս, խոսելով երկու կողմերի բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության համաձայնագրի կարևորության մասին, նշեց, որ անհրաժեշտ է ՀՀ-ի և Իրաքի միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունները զարգացնել ու ընդլայնել:
Դեսպան Փոլադյանի խոսքով, առաջին քայլը, որը նպաստելու է հարաբերությունների զարգացմանը բարձրագույն կրթության ոլորտում, ՀՀ մի շարք բուհերի ընդգրկումն էր Իրաքի բարձրագույն կրթության և տեխնոլոգիաների նախարարության կազմում, ինչպես նաև փոխհամագործակցության համաձայնագրերի կնքումը:
«Իրաքի բարձրագույն կրթության և տեխնոլոգիաների նախարարության ցանկում դեռևս անցած տարի ներառված չէին ՀՀ բուհերը՝ այդ թվում ԵՊՀ-ն: ՀՀ բուհերի ճանաչում չունենալը ուսանողներին սպառնացող թերևս գլխավոր արգելքն էր,- տեղեկացրեց դեսպանը և մանրամասնեց,- այժմ շնորհիվ ՀՀ 7 բուհերի և Իրաքի Դհոկի համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրերի ուսանողները պարբերաբար կիրականացնեն փոխայցելություններ, կկազմակերպվեն գիտաժողովներ և այլն»:
Դեսպանի խոսքով, համագործակցությունը հնարավորություն կընձեռի նաև իրաքյան բարբառների ուսումնասիրմանը, Հայաստանում կամ Իրաքում մասնագետների պատրաստմանը, որոնք կնպաստեն ինչպես կրթական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանը:
«Իմ նպատակն է եղել նաև Իրաքյան Քուրդիստանի բարբառների, մասնավորապես՝ պաշտոնական լեզու համարվող սորանի բարբառի ուսումնասիրությունը հայ ուսանողների կողմից, քանի որ թե՛ Իրաքում, թե՛ Հայաստանում մենք ունենք հայ մասնագետների խնդիր»,- նշեց նա:
Անդրադառնալով Իրաքում հայկական համայնքին, որը տարիների ընթացքում նոսրացել է՝ պայմանավորված մի շարք աշխարհաքաղաքական հանգամանքներով, դեսպան Փոլադյանն ասաց. «Դհոկի նահանգում մենք ունենք երկու հայկական գյուղ: Եթե հետագայում այդ համայնքներից ունենանք հայ ուսանողներ, ապա այս համաձայնագրի շնորհիվ նրանք հնարավորություն կունենան վերադառնալու հայրենիք և, ինչու չէ, դասավանդելու նաև այստեղ»:
Դեսպանի տեղեկացմամբ, հետագայում նախատեսվում է համագործակցության համաձայնագրերի կնքում ԵՊՀ-ի և Բաղդադի, ինչպես նաև Բարսայի համալսարանների միջև: