Գրահրատարակչության ոլորտում ԵՊՀ հրատարակչությունն առաջնորդվում է այն համոզմամբ, որ ոլորտի յուրաքանչյուր օղակի զարգացումը հավասարապես կարևոր է՝ սկսած գրքի քննարկման, փորձաքննության աշխատանքներից մինչև խմբագրական-սրբագրական աշխատանքներ ու հրատարակում։
Գրահրատարակչության ոլորտի ծրագրերն իրականացնելու համար կարևորվում է ԵՊՀ գրահրատարակչական խորհրդի դերը, որը հնարավորություն է տալիս ընդունելու խորհրդակցական, մասնագիտական կարծիքի վրա հիմնված որոշումներ՝ խուսափելով միանձնյա որոշումներից։ Որոշումներ կայացնելուց առաջ հաշվի է առնվում յուրաքանչյուր անդամի մասնագիտական կարծիքը՝ անաչառ ու թափանցիկ մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Գրահրատարակչության ոլորտում ԵՊՀ հրատարակչության ծրագրերը միտված են հետևյալ խնդիրների լուծմանը՝ հրատարակչական գործի զարգացում, ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ դասագրքերի ու ձեռնարկների հրատարակում, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանում, զարգացում, տարածում ու հանրահռչակում, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծում, գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծում:
ԵՊՀ հրատարակչության հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն ու հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը։
ԵՊՀ հրատարակչությունն իր կայքէջում տեղադրում է հրատարակած աշխատանքները՝ նպատակ ունենալով բավարարելու ուսանողների, գիտնականների, առհասարակ հանրության ընթերցողական պահանջը արդի և պահանջված ուսումնական ու գիտական գրականությամբ, միևնույն ժամանակ խրախուսելով մասնագիտական, քննադատական ու հոբելյանական գրականության հրատարակումը։
ԵՊՀ հրատարակչության գերխնդիրներից է նաև հայաստանյան գրահրատարակչական շուկայում հեղինակային ու հարակից իրավունքի հարցերին առնչվող խնդիրների լուծումը, ինչը միտված է հեղինակ-հրատարակիչ-ընթերցող համագործակցությունը բացառապես օրինական դաշտ տեղափոխելուն:
Գրահրատարակչական քաղաքականությունը ներառում է գիտական և ուսումնական հրատարակությունների ընդհանուր չափորոշիչներ, որոնք կօժանդակեն հեղինակներին՝ հստակ սահմանազատելու հրատարակվող աշխատության տեսակը՝ հստակեցնելով համապատասխան աշխատությանը ներկայացվող չափորոշչային ընդունված պահանջները:
Գրահրատարակչական քաղաքականությունն առաջադրում է հրատարակվող աշխատանքների կառուցվածքին ներկայացվող պահանջներ, հղումներ անելու, հրատարակման երաշխավորության կարգեր, հեղինակային իրավունքների պաշտպանության, հրատարակչական էթիկայի պահպանման դրույթներ:
ԵՊՀ հրատարակչությունը հրատարակում է բացառապես կարևոր, կիրառական նշանակություն ունեցող արդիական աշխատություններ, որոնք հաստատում է ԵՊՀ գրահրատարակչական խորհուրդը:
ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ
Հեղինակ համարվելու չափանիշներ
- Աշխատության պատրաստում, ինքնուրույն մտքի արտահայտում, բովանդակության խմբագրում, ներդրում աշխատության ձևավորման, տվյալները հավաքելու, միտքն ամբողջացնելու, վերլուծելու և մեկնաբանելու մեջ,
- հետազոտությունների կատարում և մշակում:
Աշխատության կառուցվածքային պահանջներ
Վերնագիր: Վերնագիրը պետք է արտահայտի աշխատանքում քննարկվող խնդիրների էությունը: Այն պետք է լինի հստակ և հասկանալի նաև այլ ոլորտների մասնագետների համար, արտացոլի բովանդակությունը՝ զերծ մնալով ընդհանուր և անորոշ արտահայտություններից: Ըստ անհրաժեշտության (կախված հրատարակվող գրքի ձևաչափից)՝ կարող են հիշատակվել հետազոտության տեղն ու ժամանակահատվածը (Տե՛ս ԳԽԵԿ (EASE − European Association of Science Editors) ուղեցույցը՝ անգլերեն հրատարակվող գիտական հոդվածների հեղինակների ու թարգմանիչների համար)։
Հեղինակ(ներ)ի անուն: Եթե աշխատանքը գրվել է համահեղինակությամբ, ապա հեղինակների անունների թվարկումը պետք է տրվի նրանց ներդրմանը համապատասխան:
Ամփոփում (առավելագույնը 250 բառ): Ամփոփումը ուսումնասիրության հիմնական դրույթների համառոտ նկարագրությունն է: Այն պետք է ներառի հետազոտության առարկան, խնդիրները, նպատակը, հետազոտության մեթոդներն ու արդյունքները: Ամփոփումը պետք է պատասխանի հետևյալ հարցերին․
- ինչի՞ մասին է գիրքը,
- ո՞րն է գրքի նպատակը,
- որո՞նք են առաջադրված խնդիրները,
- որո՞նք են գրքի արդիականությունն ու գիտական նորույթը,
- ի՞նչ եզրահանգումների է հանգել հեղինակը։
Գրաֆիկներ և աղյուսակներ: Գրաֆիկներն ու աղյուսակները պետք է ներկայացվեն պատշաճորեն ու համարակալմամբ:
Եզրակացություններ: Եզրակացությունները պետք է շարադրվեն ըստ կարևորության: Անհրաժեշտ է համեմատել հեղինակի ստացած արդյունքներն այլ ուսումնասիրությունների արդյունքների հետ: Ստացված եզրահանգումներն այլ հեղինակների տեսակետներին հակասելու դեպքում պետք է նշվեն պատճառները:
Հեղինակը պետք է նշի, թե ինչ գործնական կիրառություն կարող է ունենալ աշխատությունը: Եթե արդյունքները վերջնական չեն, նպատակահարմար է առաջարկել, թե հետագայում ինչ լրացուցիչ հետազոտություններ կատարելու անհրաժեշտություն կա:
Գրականության ցանկ: Գրականության ցանկում պետք է տրվեն միայն գիտական սկզբնաղբյուրներ: Վիճակագրական տվյալների, փաստաթղթերի, հաշվետվությունների, համացանցային աղբյուրների հղումները պետք է լինեն ծանոթագրությունների տեսքով: Ցանկը պետք է լինի այբբենական դասավորությամբ և համարակալված:
Գրականության ցանկում անհրաժեշտ է ներկայացնել այլ հրատարակումներից վերցված բոլոր տեղեկությունների աղբյուրների տվյալները՝ ներառելով այն ամենը, ինչն անհրաժեշտ է տվյալ աղբյուրը գրադարանում կամ համացանցում գտնելու համար։ Ոչ անգլիալեզու հրատարակումների համար անհրաժեշտ է ներկայացնել դրա սկզբնագրային (բնագրային) անվանումը (անհրաժեշտության դեպքում՝ տվյալ լեզվի կանոններին համապատասխան տառադարձությունը), ինչից հետո հնարավորության դեպքում տալ վերջինիս թարգմանությունը՝ նշելով քառակուսի փակագծերում։ Չհրատարակված տեղեկությունները գրականության ցանկում չեն ներառվում․ եթե հարկ է հիշատակել, ապա դա պետք է արվի աշխատության հիմնական տեքստում նախապես հեղինակի թույլտվությունը ստանալուց հետո, նաև պետք է բացատրել դրա աղբյուրը։
Տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին: Անհրաժեշտ է տեղադրել գրքի վերջին էջում՝ նշելով անուն-ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, պաշտոնը, աշխատանքի վայրը, էլեկտրոնային հասցե(ներ)ը:
Հղումներ անելու կարգը
- Հղումները պետք է տրվեն համամասնորեն, այսինքն՝ առկա լինեն և՛ հեղինակի տեսակետը հաստատող, և՛ դրանցից տարբերվող կարծիքներ,
- պետք է անդրադառնալ վերջին տասը տարվա ընթացքում հրապարակված ուսումնասիրություններին՝ պարտադիր նշելով այն աշխատանքը, որտեղ առաջին անգամ բարձրացվել է հետազոտության հարցը (նույնիսկ եթե այն ձևակերպված է ավելի քան տասը տարի առաջ):
Անհրաժեշտ է համոզվել, որ տեքստում մեջբերված յուրաքանչյուր հղում առկա է նաև հղումների ցանկում (և հակառակը):
Երևանի պետական համալսարանի հրատարակչությունն ամսագրերին ու հեղինակներին առաջարկում է հղումների՝ միջազգայնորեն ընդունված հետևյալ ձևաչափերը (Numbered կամ Name–date style).
- Harvard style,
- APA style,
- MLA Style,
- Chicago Style:
Տեխնիկական պահանջներ
Աշխատություններն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային համակարգի միջոցով:
Նյութերը ներկայացվում են «MS Word», «LaTex» էլեկտրոնային ձևաչափով՝ Unicode կոդավորմամբ, տառաչափը՝ 12, տողերի միջև հեռավորությունը՝ 1:
Առանձին ֆայլով անհրաժեշտ է ուղարկել՝
- տեղեկություններ հեղինակի մասին (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
- հեղինակի անուն-ազգանունը (ամբողջությամբ),
- հեղինակի պաշտոնը, կոչումը, գիտական աստիճանը,
- աշխատանքային վայրի ամբողջական պաշտոնական անվանումն ու փոստային հասցեն,
- հեղինակի էլհասցեն,
- աշխատանքին առնչվող փաստաթղթերը՝
1. (համապատասխան ֆակուլտետի կողմից զեկուցագիր, որում պետք է նշված լինեն աշխատանքի տեսակը, էջերի քանակը, տպագրության գունավոր կամ անգույն լինելը, աշխատանքի ժանրն ու տպաքանակը),
2. երաշխավորագիր՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման, ամբիոնի ու ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱԽՈՍՄԱՆ ԿԱՐԳԸ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ
Հրատարակչություն ուղարկված ու նախնական ստուգում անցած բոլոր աշխատանքները պետք է պարտադիր երաշխավորված լինեն համապատասխան ամբիոնի ու ֆակուլտետի գիտխորհրդի կողմից: Բոլոր երաշխավորները պետք է լինեն գիտնականներ ու գրախոսվող նյութի թեմային առնչվող հետազոտությունների հեղինակներ: Երաշխավորությունների, ստացված կարծիքների, ինչպես նաև Գրահրատարակչական խորհրդում տեղի ունեցած քննարկումների արդյունքի հիման վրա որոշում է կայացվում նյութը հրատարակելու վերաբերյալ:
Երաշխավորը պարտավոր է․
- հետևել գիտական օբյեկտիվության ու վարվելակարգի սկզբունքներին,
- տրամադրել գիտական անաչառ եզրակացություն,
- տալ հետազոտության արդյունքների՝ օբյեկտիվ ու հիմնավորված գնահատական, կատարել անհրաժեշտ առաջարկներ,
- չհրապարակել աշխատանքը, քանի որ այն հեղինակի մտավոր սեփականությունն է,
- տեղեկացնել աշխատանքի՝ այլ աշխատանքի հետ ցանկացած էական կամ մասնակի նմանության մասին,
- նշել հրատարակված համապատասխան աշխատությունները, որոնք պատշաճորեն մեջբերված կամ վկայակոչված չեն աշխատանքում:
Հրատարակչությունը հեղինակին տեղեկացնում է որոշման մասին՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով պատճառաբանված մերժումը: Վերանայման ժամկետը 1-2 ամիս է՝ կախված ներկայացված նյութի որակից:
Խմբագրական բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են հեղինակների հետ:
Փաստաթղթերը արխիվացվում և պահվում են ԵՊՀ հրատարակչությունում (2 տարի):
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԲԱՑ ԼԻՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրքերի ու հոդվածների ամբողջական տեքստային տարբերակները հրապարակվում են հանրային տիրույթում հրատարակումից անմիջապես հետո:
Բոլոր աշխատությունները հրատարակվում են «Creative Commons Attribution-NonCommercial 4.0» միջազգային լիցենզիայի պահանջներին համապատասխան: «Creative Commons Attribution-NonCommercial CC BY-NC»-ն օգտվողներին թույլ է տալիս պատճենել ու տարածել աշխատությունը պայմանով, որ դա արված չէ առևտրային նպատակներով: Օգտագործողները հնարավորություն ունեն համապատասխանեցնելու աշխատանքներն իրենց պահանջներին (վերաձևակերպել, վերափոխել և հիմնվել նյութի վրա)՝ կատարելով անհրաժեշտ հղումները։ Լիցենզիայի ամբողջական մանրամասները հասանելի են այստեղ։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ իրավունքն է իր ստեղծածի, տվյալ դեպքում՝ աշխատության նկատմամբ: Հեղինակային իրավունքը կոչված է խթանելու գիտական ու ուսումնական գրականության ստեղծումը, օժանդակելու գիտական աշխատանքով զբաղվելու պայմանների ստեղծմանը՝ ապահովելով ձեռք բերված գիտական, ստեղծագործական արդյունքների իրավական ճանաչումն ու ապահովումը:
Աշխատության հեղինակն այն անձն է, որը ստեղծել, գրել է նշված աշխատանքը: Եթե երկու կամ ավելի անձանց համատեղ ջանքերով ստեղծված աշխատությունը կազմում է անբաժանելի ամբողջություն, այդպիսի աշխատանքի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է այդ անձանց համատեղ (համահեղինակներ): Համահեղինակությամբ ստեղծված աշխատության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե դա կարող է օգտագործվել աշխատության մյուս մասերից անկախ:
Հեղինակը պարտավորվում է համագործակցել ԵՊՀ հրատարակչության աշխատակիցների հետ՝ անհրաժեշտության դեպքում գրքում կամ հոդվածում կատարելով համապատասխան փոփոխություններ ու շտկումներ: Հեղինակը պետք է երաշխավորի հղումների ու մեջբերումների հավաստիությունը: Գրքերի էլեկտրոնային ու տպագրված նյութերի բոլոր իրավունքները պատկանում են ԵՊՀ հրատարակչությանն ու հեղինակներին (Տե՛ս Editor and author responsibilities), («Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը, հոդված 5 («Ստեղծագործության հրապարակումը և լույսընծայումը»), 22 («Ստեղծագործության ազատ օգտագործումը»), 55 («Հրատարակչի իրավունքը»):
Հեղինակը պարտավոր է ստորագրությամբ հաստատել, որ ծանոթ է հոդվածի խմբագրված ու սրբագրված տարբերակին: Ստորագրությունից հետո հրատարակված գրքերում եղած անճշտությունների կամ վրիպակների համար ԵՊՀ հրատարակչությունը պատասխանատվություն չի կրում:
Հրատարակչությունը կարող է կազմակերպել վերոնշյալ աշխատանքները նաև հեռավար տարբերակով։
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԷԹԻԿԱ
Հրատարակչական գործունեության մեջ խախտումները կանխելու (գրագողություն, կեղծ տեղեկատվություն և այլն), գիտական հրապարակումների բարձր որակ ու հանրության շրջանում հեղինակի գիտական արդյունքների ճանաչում ապահովելու նպատակով խմբագրական խորհրդի յուրաքանչյուր անդամ, հրատարակիչ, հեղինակ, գրախոս և հրատարակման գործընթացում ներգրավված հաստատություն պետք է պահպանեն հրատարակման էթիկայի չափանիշները, կանոնները, սահմանված կարգը: Էթիկայի սկզբունքների պահպանումը բոլորի կողմից ապահովում է հեղինակների մտավոր սեփականության իրավունքները, բարելավում է հանդեսի որակը՝ բացառելով հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի հնարավոր չարաշահումը՝ հօգուտ որոշ անձանց շահերի (Տե՛ս Ethical publishing):
Հրատարակչությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված էթիկական ընդհանուր սկզբունքները՝ առաջնորդվելով Հրատարակչական էթիկայի հանձնաժողովի (Committee on Publication Ethics (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի ու բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացումը՝ խաթարելով ամսագրերի ու հրատարակության հեղինակությունը, նաև հրատարակման գործընթացի պատշաճ կազմակերպումը: Հեղինակները պատասխանատու են ներկայացված տվյալների ու ստացված արդյունքների ճշգրտության համար: Կեղծ տվյալների ներկայացումը էթիկական կանոնադրության խախտում է:
Աշխատանք ներկայացնելիս հեղինակները (հեղինակների խմբերը) պետք է իրազեկվեն, որ պատասխանատվություն են կրում գիտական արդյունքների նորույթի ու հավաստիության համար, ինչը ենթադրում է ներքոհիշյալ սկզբունքների պահպանումը:
- Հեղինակները պետք է տրամադրեն աշխատության, ուսումնասիրության հավաստի արդյունքներ: Հեղինակները պետք է տրամադրեն միայն ճշգրիտ փաստեր ու տվյալներ, տան բավարար տեղեկություններ, չօգտագործեն մասնավոր կարգով ձեռք բերված տեղեկություն՝ առանց առկա գրավոր համաձայնության, թույլ չտան տվյալների կեղծում ու զեղծարարություն:
- Ներկայացված աշխատանքը չպետք է հրատարակված լինի նախկինում. աշխատությունը չի կարող ներկայացված լինել տարբեր հրատարակչություններում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս համատեղ հրատարակման համաձայնություն ունեն:
- Հեղինակները պետք է ապահովեն աշխատության մեջ ներկայացվող արդյունքների ինքնուրույնությունը: Յուրաքանչյուր փոխառված հատված կամ մեջբերում պարտադիր պետք է ուղեկցվի հղումով՝ հեղինակին ու սկզբնաղբյուրին: Չափազանց ծավալուն մեջբերումներն ու գրագողության ցանկացած ձև՝ ներառյալ չհղված մեջբերումները, վերաշարադրանքը կամ այլ անձի հետազոտության արդյունքների յուրացումը էթիկայից դուրս են և անընդունելի: Հրատարակչությունը առանց հղումների մեջբերումները համարում է գրագողություն: Գրագողություն են նաև սեփական հրապարակումներից առանց հղումների մեջբերումները, որոնք ցանկալի է օգտագործել հնարավորինս քիչ: Գրագողություն պարունակող աշխատանքները չեն ընդունվում տպագրության:
- Հեղինակները պետք է խուսափեն աշխատանքի կրկնօրինակումից: Եթե աշխատանքի որոշ հատվածներ նախկինում հրատարակվել են, հեղինակը պետք է հղում անի ավելի վաղ հրապարակված աշխատությանը՝ նշելով տարբերությունները:
- Հեղինակները չպետք է ներկայացնեն այլ հրատարակչություն հանձնված ու քննարկման ենթակա աշխատանք: Կարևոր է նշել բոլոր այն անձանց ներդրումը, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են աշխատության ստեղծմանը:
- Բոլոր նրանք, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել, պետք է դիտարկվեն որպես համահեղինակներ: Ընդունելի չէ հեղինակների ցանկում ներառել այն անձանց, որոնք չեն մասնակցել գրքի ստեղծման աշխատանքների կատարմանը:
- Հեղինակները պետք է հարգեն Գրահրատարակչական խորհրդի ու գրախոսների աշխատանքը և առկայության դեպքում վերացնեն նշված անճշտությունները կամ հիմնավորեն դրանք:
- Հեղինակները պետք է ներկայացնեն և պատրաստեն իրենց աշխատանքները ԵՊՀ հրատարակչության սահմանած չափանիշներին համապատասխան:
- Եթե հեղինակները աշխատանքում նկատելի սխալներ կամ անճշտություններ են հայտնաբերել քննարկման փուլում կամ տպագրությունից հետո, նրանք պետք է անհապաղ տեղեկացնեն հրատարակչին:
- Հեղինակը հնարավորություն ունի հանձնելուց հետո ետ պահանջելու իր աշխատանքը, քանի դեռ այն չի խմբագրվել:
- Գրքերում կատարված բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագիրների միջամտություններին չհամաձայնելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու նյութի հրատարակությունից կամ գալու փոխհամաձայնության:
- Հրատարակչությունը պարտավորվում է մինչև ստացված նյութի հրատարակումը չօգտագործել դրանցում տեղ գտած տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմի՝ բացառությամբ գրախոսների:
Գրահրատարակչական խորհրդի պարտականությունները: Խորհուրդը ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի ու որակի վրա:
Խմբագրության պարտականությունները: Խմբագրությունը հետևում է հանդեսի հրատարակչական պահանջներին՝ երաշխավորելով հրատարակվող աշխատանքների գիտական բարձր մակարդակը: Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի ու որակի վրա:
Գլխավոր խմբագիրը գնահատում է աշխատանքի գիտական բովանդակությունը՝ անկախ հեղինակի ռասայական, ազգային պատկանելությունից, սեռից, սեռական կողմնորոշումից, կրոնական համոզմունքներից, քաղաքացիությունից, սոցիալական կարգավիճակից կամ հեղինակի քաղաքական նախասիրություններից:
Գլխավոր խմբագիրը որոշում է կայացնում նյութերի հրատարակման վերաբերյալ՝ համաձայն հետևյալ հիմնական չափանիշների․
- աշխատանքի համապատասխանությունը հանդեսին,
- ներկայացված աշխատանքի արդիականությունը, նորույթը և գիտական նշանակությունը,
- հստակությունը, արդյունքների հուսալիությունն ու եզրակացությունների ամբողջականությունը:
Շահերի բախում: Շահերի բախում առաջանում է այն դեպքում, երբ տարաձայնություններ են ծագում մարդու անձնական շահերի և նրա գիտական ու հրատարակչական գործունեության պարտականությունների միջև: Օբյեկտիվության վրա կարող են ազդել անձնական, քաղաքական, ֆինանսական, գիտական կամ կրոնական գործոնները: Շահերի բախման դեպքում հեղինակն ու գրախոսը պարտավոր են տեղյակ պահել գլխավոր խմբագրին։
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Ա. ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ/ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մենագրությունը գիտահետազոտական աշխատանքի հիմնական տվյալների, արդյունքների ամբողջական, մանրակրկիտ ու համակարգված շարադրմամբ հրատարակություն է՝ բուհի, գիտահետազոտական կառույցի, գիտական ստորաբաժանման կամ ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ՝ առնվազն 7,5 տպագիր մամուլ ծավալով:
Մենագրությունը կազմում է գիտական ոլորտի կենսական մասը՝ միաժամանակ հանդես գալով որպես գիտական հետազոտության ու հրապարակման առանցքային միջոց: Գիտական ամսագրին զուգահեռ՝ մենագրությունը նոր հետազոտությունների տարածման հիմնական միջոցն է, որը կարող է տասնամյակների ընթացքում սահմանել ուսումնասիրության ոլորտները (Տե՛ս այստեղ):
Գիտական/գիտամեթոդական հոդվածը կոնկրետ խնդրի վերաբերյալ հակիրճ, սակայն բավարար չափով տրամաբանական հաջորդականությամբ շարադրված, գիտական նորույթ պարունակող, հստակ եզրակացությամբ, խնդրի հետազոտական հիմնական արդյունքներն արտացոլող, գիտական մեթոդաբանության կիրառմամբ ու գրականության հղումներով գիտահետազոտական աշխատանք է, որը տպագրվել է գիտական գրախոսվող պարբերականում: Գիտաժողովների զեկուցումներն ու թեզիսները գիտական հոդված չեն: Միջազգային գիտական հաղորդակցության արդյունավետության բարձրացման նպատակով գիտական հոդվածներն ու այլ հրատարակումները պետք է լինեն ամբողջական, հակիրճ և հասկանալի:
Գրքի առանձին գլուխը կամ ժողովածուի առանձին բաժինը գիտական հոդվածի հիմնական չափանիշներն ունեցող գիտահետազոտական աշխատանք է, որը տպագրվել է գիտական երաշխավորություն ունեցող գրքում կամ ժողովածուում:
Գրախոսական հոդվածը գիտական աշխատանքի կամ հետազոտության վերաբերյալ մասնագիտական գնահատում ու օբյեկտիվ վերլուծություն պարունակող գիտական շարադրանք է, որը տպագրվել է գիտական գրախոսվող պարբերականում:
Բ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ/ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դասագիրքը ուսումնական-տեսական հրատարակություն է, ուսումնական ծրագրում ընդգրկված որևէ առարկայի/գիտակարգի բոլոր թեմաների համակողմանի, համակարգված, համեմատաբար պարզ ու ընկալելի շարադրմամբ գիտահետազոտական/գիտամեթոդական աշխատանք է, որի նպատակը հիմնարար, առանցքային գիտելիք տալն է: Բուհական դասագիրքն անպայման պետք է ունենա բուհի ու գիտական ստորաբաժանման գիտական խորհուրդների երաշխավորություն և հաստատված լինի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից (ծավալը՝ առնվազն 7,5 տպագիր մամուլ):
Աշխատանքի՝ որպես դասագիրք հաստատելու երաշխավորությունը կարող է տալ բուհի, գիտական ստորաբաժանման, ֆակուլտետի գիտական խորհուրդը: Հաստատվելուց հետո այդ աշխատությունը կամրագրվի որպես դասագիրք՝ կիրառվելով հաստատողի կամ երաշխավորող կազմակերպության իրավասության տիրույթում:
Ուսումնական ձեռնարկը ուսումնական-տեսական հրատարակություն է, որը մասամբ փոխարինում է դասագրքին կամ լրացնում այն՝ ներառելով որևէ մասնագիտության/կրթական ծրագրի կամ դրա առանձին բաղադրիչ(ներ), նեղ մասնագիտական, գիտական-կիրառական բնույթի շարադրանք: Ձեռնարկը կարող է ներառել ոչ միայն համընդհանուր ճանաչում ունեցող գիտելիքի, այլև խնդրահարույց մոտեցումների, տարբեր տեսակետների ու դրույթների շարադրանք, դիդակտիկ ու գործնական նյութեր ու առաջադրանքներ (ծավալը՝ առնվազն 5 տպագիր մամուլ):
Գ. ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ/ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ուսումնամեթոդական աշխատանքների թվում են ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ, լաբորատոր ձեռնարկները, դասընթացների կամ մոդուլների դասավանդման ծրագիր-մեթոդական ուղեցույցները:
Ուսումնամեթոդական ձեռնարկը որևէ գիտության կամ գիտաճյուղի, ուսումնական առարկայի ուսումնասիրման, դասավանդման համար գրված մեթոդական և տեսական դրույթներ, ուղենիշներ պարունակող աշխատությունն է՝ տպագրված գիտական երաշխավորությամբ:
Ուսումնաօժանդակ ձեռնարկը ուսումնառողների համար նախատեսված հրատարակություն է և ներառում է տվյալ մասնագիտությունը, առարկան, ծրագիրը կամ դասընթացը՝ լավագույնս յուրացնելու համար լրացուցիչ թեմաների, խնդիրների, նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ տեսագործնական բացատրություններ, ցուցումներ, հիմնավորումներ ու առաջադրանքներ:
Լաբորատոր ձեռնարկը ուսումնառողների համար նախատեսված հրատարակություն է և կոչված է օժանդակելու, օգնելու, ուղղորդելու ուսանողին՝ ինքնուրույն կատարելու հետազոտական, լաբորատոր, գործնական աշխատանքներ։ Այն բովանդակում է առարկան, ծրագիրը կամ դասընթացը լավագույնս յուրացնելու համար լրացուցիչ թեմաների, խնդիրների, նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ գործնական աշխատանքների, փորձերի նկարագրություն և տեսական համառոտ բացատրություն։
Դասընթացների կամ մոդուլների դասավանդման ծրագիր-մեթոդական ուղեցույցներում մանրամասն նշված են դասընթացի/մոդուլի նպատակները, կրթական վերջնարդյունքները, դասավանդման ու գնահատման մեթոդներն ու մոտեցումները, պարապմունքների ձևերն ու դրանց բաշխումը՝ ըստ ժամերի, յուրաքանչյուր պարապմունքի բովանդակությունը, դասավանդման ու սովորողի ինքնուրույն աշխատանքի բովանդակությունը՝ երաշխավորված ԵՊՀ կամ գիտակրթական ստորաբաժանման գիտական խորհրդի կողմից։