ԵՊՀ հրատարակչությունը զբաղվում է միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական պարբերականների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների հրատարակմամբ՝ սերտ համագործակցելով ակադեմիական հանրության հետ: Այն նաև կատարում է գրահրատարակչական ոլորտի զանազան այլ աշխատանքներ՝ նպաստելով կրթության և գիտության զարգացմանն ու տարածմանը:
ԵՊՀ հրատարակչության առաջնային նպատակն է միջազգային ասպարեզ դուրս բերել հայաստանյան գիտական համայնքի կատարած հետազոտական աշխատանքները՝ դրանք հասանելի դարձնելով ընթերցող լայն հանրությանը:
Հրատարակչության կողմից լույս ընծայվող նյութերը վերաբերում են հումանիտար, սոցիալական ու բնական գիտություններին, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտին: Դրանք լույս են տեսնում և՛ առցանց, և՛ տպագիր տարբերակներով, ինչպես նաև ընձեռվում է հրատարակված նյութերից անվճար օգտվելու հնարավորություն:
«EBSCO», «DOAJ», «zbMATH», «ERIH PLUS», «Sherpa Romeo», «The Linguist list», «Index Copernicus», «Mathnet.ru», «Cyberleninka», «eLibrary.ru». սրանք միջազգային հեղինակավոր այն շտեմարաններն են, որոնցում հասանելի են ԵՊՀ հրատարակությունները։
Համալսարանում հրատարակվող 20 ամսագրեր իրենց աշխատանքները ծավալում են «OJS» (Open Journal System) ամսագրերի էլեկտրոնային կառավարման համակարգում։ Հեղինակների կողմից հոդվածի տեղադրումը, հետագա գրախոսումն ու խմբագրական աշխատանքների մեծ մասն իրականացվում են «journals.ysu.am» հարթակում։
Ամսագրերում գրագողության դեմ պայքարի և հոդվածի հետկանչի մեխանիզմներ ներդնելու համար կիրառվում են «Similarity Check» և «Antiplagiat» համընկնումների ու գրագողության բացահայտման համակարգերը։
ԵՊՀ ամսագրերին որակական նոր մակարդակ հաղորդելու նպատակով դրանց խմբագրակազմերում ներգրավվել են Հայաստանի բուհերից ու արտերկրից առաջատար մասնագետներ, որոնք ընտրվել են ըստ գիտաչափական ցուցանիշների։
Վերանայվել են ԵՊՀ կողմից հրատարակվող գիտական ամսագրերին ու գրքերին առաջադրված չափորոշիչները, ընդունվել է ԵՊՀ գրահրատարակչական քաղաքականությունը։