Ս.թ. նոյեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնում (ՌՀԿ) անցկացվեց Երիտասարդ վերլուծաբանների դպրոցի առաջին դասը։ Այս դպրոցը Երևանի պետական համալսարանի և Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) գործակցության շրջանակում իրականացվող ծրագրերից մեկն է:
Դպրոցի ուսանողները Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ են, ինչպես նաև այս տարվա գարնանը կայացած «Հայ-ռուսական ռազմավարական դաշինք. պատմություն, ներկա վիճակ և տեսանելի հեռանկարներ» թեմայով ուսանողական գիտական լավագույն աշխատանքի ազգային մրցույթի երկու հաղթողները։
Առաջին դասը վարեց կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյանը։ Նա ուսանողներին պատմեց քաղաքական վերլուծաբանի՝ իր փորձի մասին, երբ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի առաջին քարտուղար, ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, իսկ վերջին տասը տարիներին՝ հասարակական գործիչ և համալսարանի դասախոս։ Աշխույժ զրույցի ընթացքում ուսանողներին ներկայացվեց նաև վերլուծելու և կանխատեսելու կարողության կարևորությունը ինչպես միջազգայնագետի և դիվանագետի, այնպես էլ լրագրողի և փորձագետի աշխատանքում: Ներկաներին բավականին հետաքրքրեց ՌՀԻ կայքէջի համար վերլուծական նյութեր գրելու հնարավորությունը։
Հաջորդ չորս դասերը վարպետության դասի ձևաչափով կվարեն տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) հրավիրյալ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ, պատվավոր անդամ, Չինաստանի Գիտությունների ակադեմիայի (Հոնկոնգ) պրոֆեսոր, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը և Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի վարիչ, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական մրցանակների դափնեկիր, թուրքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:
Ուսանողների ցանկությունը հաշվի առնելով՝ որոշվեց մինչև 2024 թվականի գարուն շաբաթական մեկ անգամ դասընթացներ անցկացնել Երիտասարդ վերլուծաբանների դպրոցում։
Առաջին դասին մասնակցեցին 14 ուսանողներ: Երկրորդ դասից նրանց առցանց ձևաչափով կմիանան նաև Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները։
Հավելենք, որ ԵՊՀ ուսանողները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում կենտրոնի նախաձեռնություններին։