ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հայտարարում է ընդունելություն «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանակում։
Ծրագրի ավարտին տրվում է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան: Ծրագիրն իրականացվում է Ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հատկացվել է երկու տեղ:
Ուսումնառության ընթացքում մագիստրատուրայի ուսանողները կուսումնասիրեն․
- ցեղասպանության տարբեր օրինակներ (Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ, Կամբոջայի ցեղասպանություն, Ռուանդայի ցեղասպանություն և զանգվածային այլ հանցագործություններ),
- ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հարցեր,
- ցեղասպանության թեման ժամանակակից միջազգային հարաբերություններում,
- Արցախում ընթացող գործընթացները, ցեղասպանության վտանգը և ինքնորոշման հնարավորությունները,
- սոցիալական մարտավարությունները ցեղասպանության ժամանակ (ոճրագործներ, փրկողներ, զոհեր և դիմադրողներ),
- մշակութային ժառանգության ոչնչացման հիմնահարցերը,
- ցեղասպանության հոգեբանական հետևանքները (տրավմա, ինքնության հարցեր),
- ցեղասպանությունների կանխարգելման ժամանակակից մոդելները:
ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը կսկսվի 2023 թ. հունիսի 1-ին և կավարտվի հունիսի 30-ին՝ ժամը 18։00-ին (փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ admission.ysu.am կայքէջի միջոցով):
Ընդունելության 1-ին փուլի քննություններն անցկացվելու են ս.թ․ հուլիսի 4-ին ընդունելության քննության հարցաշարով:
Ըստ Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2023/2024 ուստարվա ընդունելության կանոնակարգի՝ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2 փուլով:
1-ին փուլ՝ 01.06.2023 - 30.06.2023
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը՝ ժամը 18:00-ն: Ընդունելության 1-ին փուլի քննություններն անցկացվում են ս.թ. հուլիսի 4-ին: Վճարովի համակարգով ընդունված դիմորդների ուսման վարձը (2023/2024 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. հուլիսի 20-ը:
2-րդ փուլ՝ 03.07-15.08.2023
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը՝ ժամը 18:00-ն։ Ընդունելության քննություններն անցկացվում են օգոստոսի 22-ին և 23-ին: Վճարովի համակարգով ընդունված դիմորդների ուսման վարձը (2023/2024 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. օգոստոսի 30-ը:
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգի»:
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերը
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերի սկանավորված տարբերակները.
ա) մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ, որտեղ անհրաժեշտ է նշել միայն մեկ մագիստրոսական կրթական ծրագիր,
բ) բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները,
գ) արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիպլոմի հետ պետք է ներկայացնել նաև դիպլոմի համարժեքության մասին հավաստող տեղեկանք Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից,
դ) 1 լուսանկար (3x4 չափսի),
ե) զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
զ) անձնագրի (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտի բնօրինակը,
է) ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ–ի հաշվեհամարին՝ 2470101276000001)։