Տեղեկատվական համակարգերի կառավարում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Տեղեկատվական համակարգերի կառավարում» ծրագիրը մշակվել է 2005 թ․ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ հիմք ընդունելով Նյու-Յորքի համալսարանի Կուրանտի ինստիտուտի «Information Systems» ծրագիրը:
Ծրագրում օգտագործվում են Հաշվողական մեքենաների ասոցիացիայի (ACM) և Տեղեկատվական համակարգերի ասոցիացիայի (AIS) համատեղ մշակած «Տեղեկատվական համակարգերի բնագավառում կրթական ծրագրերի համար համաշխարհային իրավասության մոդել» (Global Competency Model for Graduate Degree Programs in Information Systems, MSIS 2016) միջազգային փաստաթղթի սկզբունքները:
Ընդունելության պահանջները
Ծրագրի դիմորդ կարող է լինել բնագիտական որևէ մասնագիտությամբ բակալավրի դիպլոմ ունեցող ցանկացած անձ, որն ունի կոմպյուտերագիտությանն առնչվող առարկաների բավարար իմացություն, ծրագրավորման որոշակի փորձ, անգլերենի իմացություն (առնվազն A2 մակարդակ):
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագիրը նպատակ ունի ուսանողներին տրամադրելու տեղեկատվական համակարգերի կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և իմացություն (կոմպյուտերագիտության տեսական հիմունքների իմացություն, առարկայական տիրույթի վերլուծություն, որոշումների կայացում), գործնական մասնագիտական կարողություններ (տեղեկատվական համակարգերի ներդրում, նոր կիրառությունների մշակման ուղղորդում), ընդհանուր կարողություններ, որոնք կարող են օգտագործվել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում (տեղեկատվության տարատեսակ աղբյուրների օգտագործում, ստացած գիտելիքների ստեղծագործաբար կիրառում, ռեսուրսների պլանավորում, մասնագիտաան էթիկայի նորմերի պահպանում):
Առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ընտրելու և կառուցելու արդյունավետ ալգորիթմներ ու տվյալների պահպանման մոդելներ, ստեղծելու դինամիկ Web էջեր, մասնակցելու տվյալների բազաների և ցանցային կիրառությունների ստեղծման աշխատանքների, օգտագործելու տարատեսակ մարքեթինգային ռազմավարություններ և ֆինանսական գործիքներ, իրականացնելու բիզնես գործընթացներ, կառուցելու նոր կիրառություններ՝ տրված բիզնես ոլորտում օգտագործվող տեղեկատվական համակարգերի համար, պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու կատարած հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր:
Կարիերայի հնարավորությունները
«Տեղեկատվական համակարգերի կառավարում» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՏՏ ոլորտում գործող ձեռնարկություններում, մասնավորապես՝
- ծրագրային ապահովում արտադրող և մատակարարող ընկերություններում՝ որպես արտադրանքի կառավարիչ (մենեջեր), արտաքին պահանջների վերլուծաբան, ծրագրավորման թիմի ղեկավար
- տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումներում՝ որպես տեղեկատվական բաժնի կառավարիչ մենեջեր, տեղեկատվական համակարգերի նախագծող, ներքին պահանջների վերլուծաբան, մշակման թիմի ղեկավար,
- խորհրդատվական ընկերություններում՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդատու:
Վերջին տասը տարիների տվյալները փաստում են, որ ծրագրի շրջանավարտների մեծագույն մասն անցնում է մասնագիտական աշխատանքի ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Ծրագրի լավագույն շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու Երևանի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Հայ-ռուսական համալսարանի և գիտակրթական այլ հաստատությունների ասպիրանտուրայում:
Կոնտակտներ
(+374 60) 710 044, (+374 91) 782 396
elena@ysu.am