Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Երևանի պետական համալսարանի «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ ընդունելության համար դիմորդը հանձնում է քննություններ «Մաթեմատիկա» (գրավոր) և «Ֆիզիկա» (գրավոր) առարկաներից։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ և գործնական կարողություններ նանոֆիզիկայի և դրան առնչվող ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների, այդ թվում՝ նանոտեխնոլոգիաների վերաբերյալ, ներկայացնել ժամանակակից նյութագիտության, քվանտային տեխնոլոգիաների և բարձրտեխնոլոգիական արտադրությունների զարգացման կարևորագույն ուղղությունները և հեռանկարները, խթանել ուսանողի քննադատական մտածողությունը, զարգացնել մտավոր կարողությունները և հիմնարար գիտելիքի գործնական կիրառության ունակությունը, զարգացնել աշխատանքային նախաձեռնողականությունը և գործունակությունը՝ մասնագիտական կարողությունները հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտներում կիրառելու համար:
Առավելությունները
Կրթական ծրագրի բարեհաջող ավարտին ուսանողներն ունակ կլինեն ներկայացնելու ֆիզիկայի հիմնական բաժինների հիմնարար սկզբունքները, հայեցակարգերը, օրենքները, գործառույթները և հիմնախնդիրները, կոնդենսացված վիճակի ֆիզիկայում, օպտոէլեկտրոնիկայում, նանոգիտության և այլ բնագավառներում ֆիզիկայի հիմնարար ձեռքբերումների կիրառությունները, բացատրելու նանոհամակարգերի ֆիզիկական հատկությունները, ներկայացնելով խորքային վերլուծություններ՝ հիմնական ֆիզիկական սկզբունքների, տեսական և փորձարարական մեթոդների իմացությամբ, ինչպես նաև ներկայացնելու արդի ֆիզիկայի հիմնարար նվաճումները ու առկա խնդիրները, նանոգիտության ձեռքբերումները, զարգացման ուղղությունները և ակնկալվող արդյունքները, նկարագրելու ժամանակակից քվանտային տեխնոլոգիաները և դրանց հնարավոր կիրառությունները: Շրջանավարտները կկարողանան ներկայացնել արդի ֆիզիկայում օգտագործվող փորձարարական սարքերի աշխատանքի սկզբունքները և օգտագործման հիմունքները:
Կարիերայի հնարավորությունները
«Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ շրջանավարտները կարող են հաջողությամբ աշխատել բուհերում, ակադեմիական և գիտահետազոտական այլ ինստիտուտներում, բարձրտեխնոլոգիական արտադրություններում, էներգետիկայում, բնապահպանության, ինչպես նաև տնտեսության այլ ոլորտներում: Հնարավոր աշխատավայրերն են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ամբիոնները և գիտահետազոտական լաբորատորիաները, ԵՊՀ քիմիայի, կենսաբանության ֆակուլտետների ամբիոնները և գիտահետազոտական լաբորատորիաները, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, «ՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա» ՓԲԸ-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոթքի ոսկու հարստացուցիչ գործարանը, Չարենցավանի հաստոցաշինական գործարանը, «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ-ն և այլն: