ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում ԵՊՀ-ում անցկացվեց բասկետբոլի միջբուհական առաջնությունը: ԵՊՀ աղջիկների թիմը մրցապայքարում զբաղեցրեց 2-րդ մրցանակային հորիզոնականը:
Բասկետբոլի՝ տղաների մրցաշարին մասնակցում էին 9, աղջիկների մրցաշարին՝ 8 թիմեր Երևանի և մարզերի բարձրագույն ուսումնական հաստատություններից:
ԵՊՀ աղջիկների՝ բասկետբոլի թիմի մարզիչ, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս Լուսինե Մելքոնյանը, խոսելով մարզական խաղերին ուսանողների մասնակցությունից, նշեց. «Թիմը ունի մարզական պատրաստվածության բավական բարձր մակարդակ․ շաբաթական երկու անգամ անցկացնում ենք մարզական պարապմունքներ։ Հարկ է նշել, որ ուսանողները միշտ մեծ ոգևորությամբ են սպասում ու մասնակցում այսօրինակ մրցաշարերի»:
ԵՊՀ տղաների թիմը թեժ մրցապայքարում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։ Թիմի մարզիչ, ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Վլադիմիր Զաքոյանն ընդգծեց, որ ուսանողները մեծ հաճույքով են մասնակցում թե՛ դասական, թե՛ «3x3» բասկետբոլի մրցումներին։
««3x3» բասկետբոլը բավականին հետաքրքիր է և տարբերվում է դասական բասկետբոլից, քանի որ առավել ինտենսիվ է և խաղում են երեքը երեքի դիմաց, մեկ օղակի վրա: ԵՊՀ թիմի կազմում ընդգրկված են տարբեր ֆակուլտետների ակտիվ երիտասարդներ»,- ասաց Վ․ Զաքոյանը:
Նշենք, որ ուսանողների մասնակցությունը նման մրցաշարերի նպաստում է համալսարանի մարզական ոլորտի զարգացմանը։