- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
- Անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոն
Անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոն
Անգլերենի թիվ 2 ամբիոնը հիմնադրվել է 1993 թ․: Ամբիոնի ստեղծման օրվանից այն ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Երզնկյանը: Ամբիոնն իր գործունեությունը ծավալում է մի քանի ուղղություններով` ուսումնական, ուսումնամեթոդական, գիտական, հրատարակչական և դաստիարակչական:
Ամբիոնը կազմակերպում է անգլերենի դասավանդում Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, ժուռնալիստիկայի, տնտեսագիտության և կառավարման, հայ բանասիրության, ռուս բանասիրության, արևելագիտության, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում, ինչպես նաև մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում: Դասավանդման հիմքում են բակալավրիատում՝ «Անգլերենը որպես օտար/երկրորդ լեզու (EFL/ESL)» և «Անգլերենը մասնագիտական նպատակների համար (ESP)», իսկ մագիստրատուրայում՝ «Անգլերենը ակադեմիական նպատակների համար (EAP)» դասընթացները:
Ամբիոնն անգլերենի ուսուցման գործընթացում շեշտը դնում է տվյալ ֆակուլտետի մասնագիտությանը համապատասխանող լեզվական հմտությունների դասավանդման վրա: Անգլերենի դասավանդման գործընթացը նպատակաուղղված է սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացմանը` ընդգրկելով խոսքային գործունեության բոլոր հմտությունները (լսել, խոսել, ընթերցել, գրել): Ամբիոնի դասախոսները շարունակում են մշակել բակալավրիատում և մագիստրատուրայում անգլերենի համակողմանի ուսումնասիրությանը նպատակաուղղված կրթական ծրագրեր` նպատակ ունենալով առարկայական նկարագրերը համապատասխանեցնելու հաստատված բնութագրիչներին:
Ամբիոնի մշակած ծրագրերը հիմք են ծառայել հայ ուսանողներին հասցեագրված դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ, բառարաններ և օժանդակ այլ նյութեր հրատարակելու և հետագայում կիրառելու համար:
Օտար լեզուների դասավանդման ժամանակակից առաջատար մեթոդաբանությունը չի կարող լիարժեք լինել առանց անգլերենի առցանց դասավանդման համար ստեղծված հարթակների և նորագույն տեխնոլոգիաների (ICT) կիրառման։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թե´ դասախոսին, թե´ ուսանողին հնարավորություն է տալիս ուսումնական գործընթացում ցուցաբերելու անհատական մոտեցում, բացահայտելու յուրաքանչյուր ուսանողի գիտելիքի մակարդակը և օգնելու նրան հաղթահարել դժվարությունները և լիարժեք ներգրավվել ուսումնական գործընթացում: Դրան նպաստում է նաև կիրառվող «Edusoft–English Discoveries» համակարգչային ծրագիրը, որն ընդգրկում է 12 մակարդակներ` տարրականից (Basic) մինչև բարձր (Advanced)` ներառյալ նաև գործարար ոլորտի անգլերենը (Executive և Business English):
Ամբիոնի գործունեության անքակտելի մասն է գիտահետազոտական աշխատանքը: Ամբիոնն այսօր կատարում է գիտական ուսումնասիրություններ լեզվաբանության հետևյալ ուղղություններով՝ բառագիտություն և բառարանագրություն, իմաստաբանություն և գործաբանություն, լեզուների զուգադրական ուսումնասիրություն և թարգմանության տեսություն, տեքստի լեզվաբանություն, ինչպես նաև անգլերենի դասավանդման մեթոդաբանություն և հիմնահարցեր: Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային գիտաժողովների:
Ամբիոնի դասախոսներն աշխատել են «Հայերենից լեզվական տրանսֆերի (փոխանցման) առանձնահատկությունները անգլերեն լեզվի լսարանում» և «Երկխոսությունը միջմշակութային համատեքստում» թեմաների շուրջ, որի արդյունքներն ամփոփվել են տպագրված մի շարք հոդվածներում և մենագրություններում:
Ամբիոնը մշտապես աշխատում է նաև թեստային համակարգի հիմնադրույթների մշակման և կատարելագործման խնդիրների ուղղությամբ` նպատակ ունենալով ներդնելու լեզվի տիրապետման տարբեր մակարդակների չափանիշներ: Վերջիններիս հիման վրա հրատարակվել են գիտելիքների գնահատման վերաբերյալ տարբեր ձեռնարկներ և ուղեցույցներ:
Հատկանշական է, որ ամբիոնի նախաձեռնությամբ հրատարակվում է «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» գիտական հանդեսը, որը ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար հաստատված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերականների ցանկում: Գիտական աշխատությունների այս պարբերականն ընդգրկում է լեզվաբանության, օտար լեզվի դասավանդման մեթոդաբանության, ինչպես նաև գրականագիտության տարբեր խնդիրներին վերաբերող հոդվածներ:
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ