ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնը բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար հայտարարում է «Արևմտյան գրականության բուդդիստական խոսույթը» դասընթացի ընդունելություն (շարունակական կրթություն)։
Դասընթացի շրջանակում ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից անգլիական և ամերիկյան վեպերի պատմությունը բուդդիստական խոսույթի համատեքստում, որը ներառում է մեկնաբանության և տարորոշման բազմաթիվ առանձնահատկություններ, քանի որ բուդդիստական փիլիսոփայական մոտեցումները ժամանակակից աշխարհայացքում ենթադրում են մեր նախնական բնազդների վերացում՝ որպես մարդկային զարգացման գործոն: Բուդդիստական փիլիսոփայությունը և եվրոպական գրական գործունեությունը ուղենշում են հատուկ ճանապարհներ թե՛ աշխարհագրական, թե՛ փոխաբերական առումով, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է հասնել իր երազանքին թե՛ մտավոր և թե՛ աշխարհիկ մակարդակում անձի կատարելագործման հեռանկարով: Դրա համար պետք է ձերբազատվել առօրյա հոգսերից, դառնալ ավելի զուսպ և ավելի ամբողջական ժամանակակից աշխարհի թոհուբոհում՝ փորձելով լինել շուրջը տեղի ունեցող երևույթների խոհուն հետևորդ:
Դասընթացի նպատակներն են լրացուցիչ հմտություններ փոխանցել քննադատական մտածողության, վերլուծությունների, ինչպես արևմտյան գրականության, այնպես էլ դրա տարբեր հարթությունների (հատկապես բուդդայականության՝ որպես կրոնական և փիլիսոփայական հայեցակարգի) մասին, երիտասարդ հետազոտողներին զինել վերլուծական և հետազոտական հմտություններով և ստեղծել առավելագույն հնարավորություններ մասնագիտական ոլորտում:
Դասընթացի մասնակիցներին հնարավորություն կտրվի գրել գիտական հոդվածներ, որոնցից լավագույնները կքննարկվեն տարբեր հարթակներում։ Դասընթացի շրջանակում նախատեսվում է ունենալ մինչև 30 ուսանող։ Նախապատվությունը կտրվի բարձր առաջադիմություն և հետազոտական փորձ ունեցող ուսանողներին (գիտաժողովների մասնակցություն, բաց քննարկումներ, հոդվածներ, գրական վերլուծություններ):
Եռամսյա պարապմունքները կմեկնարկեն 2024 թվականի մարտի 1-ից: Դասախոսությունները կանցկացվեն շաբաթական երեք անգամ: Դասընթացը հաջողությամբ ավարտած շրջանավարտներին կտրվեն վկայականներ։
Դասախոսությունները կանցկացնեն ԵՊՀ դասախոսները, որոնց գիտական աշխատանքներն ու փորձագիտական վերլուծությունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում։
Դասընթացը կվարեն՝
Անուշ Սեդրակյանը՝ դոցենտ, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, տարբեր միջազգային սիմպոզիումների մասնակից, «Արտասահմանյան գրականություն», «Ֆրանսիական ժամանակակից պոեզիա», «Էզրա Փաունդի քննադատական էսսեները» մենագրությունների և այլ գիտական հոդվածների հեղինակ։
Անահիտ Եգանյանը՝ Սաարլանդի, Քեմբրիջի համալսարանների հրավիրյալ դասախոս, Համաշխարհային գրականության ինստիտուտի (Չիկագոյի և Մոսկվայի համալսարաններ) գիտաշխատող:
Ամալյա Սողոմոնյանը՝ բ.գ.թ․, ասիստենտ, «Պատմական և իրական ժամանակ Խալեդ Հոսեյնիի վեպերում» մենագրության, «Օտարության խնդիրը Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպում», «Մեղքի ընկալումը Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» վեպում», «Վլադիմիր Նաբոկովի գեղագիտական ընկալումները», «Օտարված գրողը միգրանտ գրականության մեջ», «Ինքնության որոնումը էմիգրանտական գրականության տարածքում», «Ինքնության և մշակութային ավանդույթի բախումը ամերիկյան էմիգրանտական գրականության մեջ», «Ինքնության պահպանումը միգրացիայի դարաշրջանում», «Էմիգրանտի ինքնության առանձնահատկությունները» և շատ այլ գիտական հոդվածների հեղինակ:
Լիլիթ Կարապետյանը՝ ֆրանսերեն դասագրքերի, մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ:
Ռիտա Սաղաթելյանը՝ ժամանակակից հայոց լեզվի, բարբառագիտության, արևելահայերենի, դարձվածաբանության մասին մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի հունվարի 15-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- մոտիվացիոն նամակ (մինչև 750 բառ),
- վերջին ակադեմիական վկայականը կամ դիպլոմի պատճենը,
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն,
- անձնագրի լուսանկար։
Կոնտակտային էլհասցե՝ Foreignlit@ysu.am:
Դասընթացի արժեքը 3 ամսվա համար կազմում է 450.000 դրամ։ Ճանապարհորդության, կեցության, սննդի, վիզայի և ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները։