Անձի հոգեբանության ամբիոնը հյուրընկալեց Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Նատա Ասատիանիին, որը ներկայացրեց «Բուլինգի հոգեբանական բնույթը և դետերմինանտները» հետազոտության արդյունքները։

Հանդիպմանը ներկա էին Անձի հոգեբանության ամբիոնի դասախոսական կազմը, «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական ծրագրի ուսանողները։
Ներկայացված հետազոտության վարկածի համաձայն բուլինգը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հատվում են երեք հիմնական բաղադրիչներ՝ անձնական ագրեսիան, այն օբյեկտը, ում հանդեպ արտահայտվում է այդ ագրեսիան և ագրեսիան ու բուլինգը խթանող միջավայրը։ Ստացված արդյունքները ցույց են տվել, որ անկախ ագրեսիայի մակարդակից՝ ապահով դպրոցական միջավայրը նշանակալիորեն նվազեցնում է բուլինգի դեպքերը, ինչպես նաև, անկախ ագրեսիայի մակարդակից, անապահով դպրոցական միջավայրը խթանում է երևույթի արտահայտման բարձր մակարդակը։
Անձի հոգեբանության ամբիոնի դասախոսները և Նատա Ասատիանին մատնանշեցին քննարկվող երևույթի խնդրային կողմերի ուսումնասիրության կարևորությունը, քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները։