Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն այցելեց ԵՊՀ և հանդես եկավ դասախոսությամբ։
Դասախոսության շրջանակում բանախոսը ներկայացրեց Շվեդիայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների պատմությունն ու համագործակցության ուղիները, ինչպես նաև Շվեդիայի արտաքին քաղաքական մոտեցումը աշխարհաքաղաքական զարգացումներին։
Խոսելով Շվեդիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերից՝ դեսպանը նշեց, որ դրանց մեծ մասն ուղղված է ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքներին, գենդերային հավասարությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, տնտեսական զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը։
Պատրիկ Սվենսոնը, անդրադառնալով ՀՀ-ում գործող այն կազմակերպություններին և հիմնադրամներին, որոնց հետ ունեն գործընկերային հարաբերություններ, նշեց, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն պարբերաբար հայտարարվող դրամաշնորհների մրցույթների շրջանակում իրենց նախագծերը ներկայացնելու այդ կառույցներին և ստանալու ֆինանսավորում։
«Մենք ֆինանսավորում ենք նաև թափոնների կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերը, նպաստում էլեկտրաարդյունավետության բարձրացմանը, համագործակցում դատական համակարգի հետ՝ նպաստելու դատավորների
փորձառությանը, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ առավել արդյունավետ աշխատելուն։ Աջակցում ենք նաև ՀՀ ԶՈՒ-ում կանանց ներգրավմանը նպաստող ծրագրերին»,- ասաց Պատրիկ Սվենսոնը։
«Ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել Հայաստանում․ մշակույթը, լանդշաֆտը ինձ հիացնում են, մարտահրավերներին դիմակայելու մարդկանց պատրաստակամությունը՝ ևս»,- ընդգծեց դեսպանը։
Դասախոսությունից հետո ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու դեսպանին։