- Գլխավոր
- Նորություններ
- Ամրապնդվում են հայ-ղազախական գիտակրթական կապերը․ ղազախ ուսանողները՝ ԵՊՀ-ում
Մայիս 31, 2024 | 11:00
Գործընկերներ
Կրթական ծրագրեր
Միջազգային համագործակցություն
Ամրապնդվում են հայ-ղազախական գիտակրթական կապերը․ ղազախ ուսանողները՝ ԵՊՀ-ում
Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի (Ղազախստան, Աստանա) մագիստրատուրայի 11 ուսանողներ վերապատրաստում են անցնում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։ Երկու համալսարանների միջև 2015 թ․ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ԵՊՀ այցելող ղազախ ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է։
Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի մագիստրատուրայի ուսանողները ԵՊՀ-ում մասնակցում են դասախոսությունների, ուսումնասիրում համալսարանում առկա գրականությունը՝ հավաքագրելով իրենց մագիստրոսական թեզի թեմային վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ։
«ԵՊՀ-ում յուրաքանչյուրս ունենք մեր գիտական ղեկավարը, որն օգնում է մեզ թեզը պատրաստելու հարցում։ Մենք հիացած ենք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմով։ Ցանկացած հարցով կարող ենք դիմել նրանցից յուրաքանչյուրին, և նրանք մշտապես պատրաստակամ են աջակցելու մեզ՝ պատասխանելով մեզ հետաքրքրող հարցերին և արժեքավոր խորհուրդներ տալով»,- իր տպավորությունների մասին պատմեց ղազախ ուսանող Սաիդա Տերգեուբաևան։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դասախոս Կարինե Շախոյանը, խոսելով երկու համալսարանների հաջող համագործակցության մասին, ընդգծեց, որ առաջին տարում՝ 2015 թ․, երկու ղազախ ուսանող էին եկել համալսարան, իսկ հետագայում արդեն ԵՊՀ այցելող ղազախ ուսանողների թիվը տարեցտարի ավելացավ։
«Ղազախ ուսանողների հետ քննարկում ենք նրանց ընտրած թեմայի արդիականությունը, խնդիրները, նպատակը, մեթոդաբանությունը, անդրադառնում համաշխարհային փորձին, խորհուրդներ տալիս, թե ինչ քարտեզներ կարելի է գծել տվյալ թեմայի շրջանակում և այլն»,- ասաց Կարինե Շախոյանը։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Ակսել Պոտոսյանն էլ հավելեց, որ ղազախ ուսանողների երկշաբաթյա կրթական ծրագրում ներառված է նաև այցելած երկրի պատմությանը, մշակույթին, ազգային սովորույթների առանձնահատկություններին ծանոթանալը, և որոնց վերաբերյալ ևս կազմակերպվում են դասախոսություններ։
«Բացի ուսումնական գործընթացի կազմակերպումից՝ նրանց ենք ներկայացնում նաև Հայաստանի տնտեսական, մշակութային կյանքը, ուղեկցում Հայաստանի պատմամշակութային վայրեր։ Իրենք էլ իրենց երկրի վերաբերյալ տարբեր թեմաներով սահիկաշարեր են պատրաստում և ներկայացնում ֆակուլտետի դասախոսներին և ուսանողներին»,- նշեց Ակսել Պոտոսյանը։
Այս համատեքստում նա մատնանշեց, որ ֆակուլտետը համագործակցության ծրագրեր ունի նաև այլ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ռուսաստանի տարբեր բուհերի հետ։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, անդրադառնալով ԵՊՀ-ի և Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի դրույթներին, նախ նշեց, որ Ղազախստանի ուսանողների այցը ԵՊՀ ֆինանսավորում է իրենց համալսարանը, այնուհետև հավելեց, որ ԵՊՀ ուսանողները ևս հնարավորություն ունեն այցելելու Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարան։
Նշենք, որ Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի մագիստրատուրայի ուսանողները պարբերաբար այցելում են նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ։