- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն
Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն
ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնը հիմնադրվել է Եվրոպական միության «ECEILAW» ծրագրի օժանդակությամբ 2006 թ․: Մինչ ամբիոնի հիմնադրումը ամբիոնի կողմից դասավանդվող առարկաների գծով կրթական ծրագրերը կազմել և դասավանդել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնը։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում «Միջազգային իրավունք» առարկան դասավանդել է պրոֆեսոր Աղասի Եսայանը դեռևս 1950 թ․։
2006-2015 թթ. ամբիոնը ղեկավարել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վ. Քոչարյանը։ 2015-2022 թթ․՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Ստեփանյանը։
2023-2024 ուսումնական տարվա համար ամբիոնը ձևավորել է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական նոր կրթական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ուսանողներին ծանոթացնել միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմունքներին, տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ինչպես նաև ուսանողին սովորեցնել վերլուծել միջազգային իրավունքի տեսությանն ու պրակտիկային առնչվող խնդիրներն ու հարցերը, ներկայացնել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, հասկանալ միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը, մեկնաբանել ներպետական և միջազգային իրավունքի ընդհանուր և տարբերակիչ գծերը և գնահատել ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնել գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները։
Ամբիոնում ներգրավված են ինչպես տեսաբաններ, այնպես էլ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների փորձառու աշխատակիցներ ու պրոֆեսորադասախոսական աշխատանքի երկարատև փորձ ունեցող մասնագետներ։
Ամբիոնի ներկայացուցիչներն անդամակցում են ներպետական և միջազգային իրավունքի մի շարք կառույցների, այդ թվում՝ «International Law Association», «American Bar Association», «Pennsylvania Bar Association», Եվրոպական ակումբ, Մարդու իրավունքների և ժողովրդավարացման միջազգային «Global Campus», ՀՀ իրավաբանների միություն, Միջազգային իրավունքի հայկական ընկերակցություն և այլն:
Ամբիոնի գիտական հետազոտությունների առաջնային ուղղություններն են ազգերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման հիմնահարցերը, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային իրավական հիմնախնդիրը, մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությունը, ԵՄ-ՀՀ համագործակցության իրավական հարցերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի արդի հիմնահարցերը և այլն:
Ամբիոնը աշխատանք է կատարել նաև մայրենի լեզվով ուսումնական գրականության ստեղծման ուղղությամբ, մասնավորապես հրատարակվել են «Միջազգային իրավունք» դասագիրքը, «Փախստականների միջազգային իրավական և ներպետական պաշտպանությունը», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան» և ուսումնական այլ ձեռնարկներ ու դասախոսությունների տեքստեր։
Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում աշխատանքներ են կատարվում կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ: Ամբիոնի անդամները վերապատրաստում են անցել ԱՄՆ-ի, Եվրոպայի և ՌԴ առաջատար գիտական կենտրոններում: Գործնական համագործակցություն է հաստատված արտասահմանյան գիտական բազմաթիվ կենտրոնների և կրթական ծրագրերի հետ: Շարունակական աշխատանքներ են տարվում դասընթացների և ուսումնական ծրագրերի շարունակական կատարելագործման և դասավանդման նոր մեթոդների ներդրման ուղղությամբ:
Ամբիոնի գիտական գործունեության շրջանակում պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ, հրատարակվել են բազմաթիվ գիտական հոդվածներ, մենագրություններ և գիտաժողովների ամփոփ ժողովածուներ:
Ամբիոնի անդամներից շատերը՝ որպես հրավիրյալ մասնագետներ, դասախոսություններով են հանդես եկել Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում: Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոսական կազմը մշտապես մասնակցում է միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային գիտակրթական և հետազոտական միջոցառումների՝ ակտիվորեն հանդես գալով նաև զեկուցումներով: Վերջին տարիներին ակտիվ աշխատանքներ են տարվում փախստականների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների ուսումնասիրության ուղղությամբ, որի արդյունքում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում ամեն տարի կազմակերպվում է փախստականների իրավունքի դպրոց: Ամբիոնի անդամները դասավանդում են նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի անդամների անմիջական ղեկավարության և վերապատրաստման շնորհիվ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական թիմերը մշտապես մասնակցում են իրավաբան ուսանողների համար նախատեսված միջազգային դատախաղ-մրցույթների, ինչպիսիք են՝ «Philip Jessup Moot», «Nuremberg Moot Court», «The Nelson Mandela World Human Rights Moot Court» և այլն:
Ամբիոնն աշխատում է՝ իր համալիր զարգացման ծրագրին համապատասխան։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, դոցենտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Դասախոս
Դասախոս
դասախոս/ժամավճարով
Ասիստենտ
Ասիստենտ