ԵՊՀ-ում տեղի ունեցավ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի և Շվեդիայի Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի կազմակերպած աշխատաժողովը՝ «Իրավաբանական կլինիկաների զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով:
Աշխատաժողովի նպատակն է ստեղծել ՀՀ-ում գործող իրավաբանական կլինիկաների համագործակցության ազգային ցանց, ընդլայնել կլինիկաների միջև համագործակցությունը՝ ոլորտային խնդիրները քննարկելու, միմյանց գործունեությանը ծանոթանալու և փորձի փոխանակման համար:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն, ի.գ.թ., դոցենտ Քնարիկ Վարդանյանը, կարևորելով իրավաբանական կլինիկաների նշանակությունը, շեշտեց. «Իրավաբանական կլինիկաների շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում լսարանում ձեռք բերած տեսական գիտելիքները կիրառելու գործնականում՝ հանդիպելով իրական հաճախորդի և դասախոսների համակարգմամբ փորձելով լուծում տալ նրանց իրավական խնդիրներին: Այսկերպ զարգանում են նրանց մասնագիտական պրակտիկ կարողություններն ու հմտությունները»:
Քնարիկ Վարդանյանն ընդգծեց, որ ԵՊՀ իրավաբանական կլինիկայում կազմակերպվում են նաև մարդու իրավունքների վերաբերյալ տարբեր քննարկումներ, վերապատրաստումներ ուսանողների գիտելիքները խորացնելու և ընդլայնելու նպատակով, ինչպես նաև իրագործվում է «Իրավունք բոլորի համար» ծրագիրը՝ դպրոցներում աշակերտների հետ քննարկելով իրավունքի վերաբերյալ տարատեսակ թեմաներ:
Շվեդիայի Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ծրագրերի ավագ պատասխանատու Դեյվիդ Էյլը նշեց, որ երկու բուհերի միջև գործակցությունն ունի տարիների պատմություն և նպատակ ունի ուժեղացնելու իրավաբանական կլինիկաները և իրավաբանական կրթությունն առհասարակ, ինչպես նաև խթանելու հետազոտությունները մարդու իրավունքների ոլորտում:
«ԵՊՀ-ն առանցքային դերակատարում ունի կրթության և հետազոտության բնագավառներում: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան ամենահինն է և առաջատարը ՀՀ-ում, ուստի շատ ուրախ ենք համագործակցելու համար»,- ասաց Դեյվիդ Էյլը:
Անդրադառնալով ԵՊՀ-ի և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի իրավաբանական կլինիկաներին՝ նա շեշտեց. «Երկու բուհերի իրավաբանական կլինիկաների հիմնական նպատակը նույնն է. կան նմանություններ կրթության կազմակերպման և ուսանողներին ներգրավելու առումներով, բայց տարբեր են կլինիկաների մոդելները: Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտում մենք համագործակցում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, իսկ ԵՊՀ իրավաբանական կլինիկան, անհատական մոտեցում ցուցաբերելով, իր ջանքերն է ներդնում հաճախորդների իրավական խնդիրներին պատշաճ հանգուցալուծում տալու համար»:
Աշխատաժողովին առցանց և անցանց տարբերակներով թեմատիկ բանախոսություններով հանդես են եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն, դոցենտ, ի.գ.թ. Քնարիկ Վարդանյանը, Իլիայի պետական համալսարանի (Վրաստանի Հանրապետություն) իրավաբանական կլինիկայի տնօրեն Թամար Գյուրջիանին, «Պրո Բոնո» մարդու իրավունքների իրավաբանական կլինիկայի (Ուկրաինա) մենթոր Մարիա Տիպիաշչուկը: Նրանք անդրադարձել են ՀՀ-ում և Վրաստանում կլինիկական իրավական կրթության ներկա վիճակին, մարտահրավերներին ու հնարավորություններին, իրավաբանական կլինիկաների ազգային ցանցի գործունեության առանձնահատկություներին, առավելություններին և թեմային առնչվող կարևոր այլ հարցերի:
Քնարիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև աշխատաժողովի կազմակերպումը կատարել են ՀՀ-ում գործող իրավաբանական կլինիկաների քարտեզագրություն՝ հրավիրելով մասնակցելու ինչպես գործող, այնպես էլ ապագայում իրավաբանական կլինիկա հիմնելու մտադրություն ունեցող բուհերի ներկայացուցիչների:
Աշխատաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ ԵՊՀ-ից, Շվեդիայի Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտից, Գավառի, Գորիսի, Շիրակի պետական համալսարաններից, Գյումրիի «Պրոգրես» համալսարանից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրից, ՀՀ փաստաբանական ակադեմիայից, Հյուսիսային համալսարանից, Եվրասիա միջազգային համալսարանից և Հայբուսակ համալսարանից: