
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, հավատարիմ մնալով իր որդեգրած աջակցողական գաղափարախոսությանը, այս անգամ էլ նախաձեռնել էր Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանին տրամադրել շուրջ 150 անուն մասնագիտական գրքեր, ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, մենագրություններ և գիտական հոդվածների ժողովածուներ (ռուսերեն, հայերեն, անգլերեն լեզուներով):
Գաղտնիք չէ, որ իր գործունեության տասնյակ տարիների ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը կերտել է մի շարք ավանդույթներ: Մասնավորապես, Արցախի պետական համալսարանի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում յուրաքանչյուր կիսամյակ դասախոսություններ, գործնական պարապմունքներ, գիտական կոնֆերանսներ են կազմակերպվում գիտամանկավարժական կադրերի և ուսանողների մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով: Այդ միջոցառումների շրջանակում Արցախի պետական համալսարանի գիտական ֆոնդը միշտ համալրվել է մի քանի հարյուր մասնագիտական գրքերով:
Նշենք նաև, որ ֆակուլտետն իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի ազգային գրադարանին՝ փոխանցելով մեծ թվով մասնագիտական գրականություն: