ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թ․ Ռուբինա Պետրոսյանի հիմնադրած «Լույս ու Սեր» իրավապաշտպան ՀԿ-ն, որի խորհրդի կազմում ընդգրկված են նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ, համագործակցելով ֆակուլտետի հետ, ս․թ․ նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 2-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցկացրեց դասընթացներ՝ առաջնահերթ ընդգրկելով Արցախից բռնատեղահանված մեր հայրենակիցներին:
Դասընթացները բաց էին ՀՀ բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորողների և գործող իրավաբանների համար: Դասախոսությունների նպատակը Արցախի մեր հայրենակիցների համար փորձի փոխանակման, մարդկային և մասնագիտական միավորման ևս մեկ հարթակի ստեղծումն էր: Դասընթացին մասնակցելու համար ներկայացվել էր 57 մասնակցության հայտ, մասնակցեց 49 անձ, իսկ երեք և ավելի մասնակցություն գրանցած 42 ունկնդիրներին տրամադրվեց հավաստագիր:
Դասախոսությունները վերաբերել են իրավունքի տարբեր ճյուղերին առնչվող և գործնական տեսանկյունից կիրառելի ու խնդրահարույց այնպիսի արդիական թեմաների, ինչպիսիք են «Երեխայի իրավունքների և երեխայի լավագույն շահի հարաբերակցությունը ՀՀ-ում և միջազգային պրակտիկայում» (բանախոս՝ Ռուբինա Պետրոսյան, ի.գ.թ., ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, փաստաբան, «Լույս ու Սեր» ՀԿ-ի նախագահ), «Խոշտանգումների քրեաիրավական բնութագիրը և քննության առանձնահատկությունները» (բանախոս՝ Էմմա Ավագյան, ԵՊՀ քրեական դատավարության ամբիոնի դասախոս, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչության պետ), «Գործարքների ազդեցությունը տնտեսական մրցակցության վրա» (բանախոս՝ Արսեն Հովհաննիսյան, ի.գ.թ., ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, փաստաբան, «Բի ԷԼ Սի Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր գործընկեր), «Կեղծ լուրերը որպես ապատեղեկատվության տարածման միջոց» (բանախոս՝ Արփինե Հովհաննիսյան, ի.գ.թ., դոցենտ, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, ՀՀ արդարադատության նախկին նախարար), «Վինդիկացիոն և նեգատոր հայցերը որպես սեփականության իրավունքի պաշտպանության միջոց» (բանախոս՝ Քրիստինե Գաբուզյան, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական), «Հեղինակային իրավունքը թվային դարաշրջանում», (բանախոս՝ Մարիամ Այվազյան, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, Կոլորադո Բոուլդերի համալսարանի իրավունքի մագիստրոս (Ֆուլբրայթ-Հովնանյան կրթաթոշակակիր):