ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը հատկապես 2021 թվականից ակտիվորեն հետևում է Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների տեսական գիտելիքներին, երկրի բնապահպանական և բնառեսուրսային օրենսդրության ծանոթացմանը զուգընթաց՝ ՀՀ-ում շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման ոլորտի պրակտիկային ծանոթացնելու լայն հնարավորություններ ստեղծելու քաղաքականությանը: Այն լավագույնս արտահայտվում է ոլորտի պետական լիազոր մարմնի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ոլորտային պատասխանատուների հետ կազմակերպված բազմաթիվ կլոր սեղան-քննարկումների, ուսանողական այցերի շրջանակում:
Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ 2022-2023 ուսումնական տարին էլ ամփոփվել է այցելությունների ու քննարկումների խիտ օրակարգով: Բնապահպանական գլոբալ ճգնաժամի պայմաններում պետությունների լայն համագործակցությունն ու այդ ոլորտում կնքված միջազգային բազմաթիվ պայմանագրերը էկոլոգիական քաղաքակրթության ելակետային դրսևորումներ են, ինչի կարևորությունն ընդգծելով՝ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավարի հրավերով Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնի ուսանողները շատ հագեցած ու հետաքրքիր կլոր սեղան-քննարկում են ունեցել բնապահպանական կենտրոնական կոնվենցիաներից «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չակրյանի հետ: Նա մանրամասնորեն ներկայացրել է ՀՀ ստանձնած համապատասխան պարտավորությունների կատարման ընթացքը, այդ պարտավորությունների կատարման գործընթացում ծագող դժվարություններն ու խոչընդոտները, հատկապես որոշումների կայացման գործընթացում հասարակության իրազեկվածության ու մասնակցության առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու հետագա քայլերը: Բարձր գնահատականի է արժանի Մ․ Չակրյանի կողմից պրակտիկ օրինակների լուսաբանումները՝ Կոնվենցիային համահունչ կամ ոչ այնքան համահունչ վարքագծի դրսևորումները մեր երկրում:
Նույն առաքելությամբ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը հյուրընկալել է նաև «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանին: Լ․ Ղահրամանյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է օզոնային շերտի պահպանության կարևորության, շրջակա միջավայրի և մարդկանց կյանքի ու առողջության վրա դրա ուղղակի ու անուղղակի ազդեցությունների հետևանքները: Ուսանողների հետ քննարկվել են Կոնվենցիայով և նրան կից արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակում Հայաստանի անցած երկարամյա ուղին ու լուրջ հաջողությունները, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող «Օզոնի ծրագրի» ձեռքբերումները:
Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օ. Գեղամյանի նախաձեռնությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներն ուսումնական տարվա ավարտին այցելել են նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա։
Այցելության ընթացքում նրանք ծանոթացել են մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մշտադիտարկման սկզբունքներին։
Ուսանողները մասնավորապես քննարկել են մշտադիտարկման իրականացման իրավական հիմքերի և դրանց պրակտիկ կիրառման առանձնահատկությունները, աղտոտվածության գնահատման նորմերի կիրառումը, աղտոտվածության հայտնաբերման դեպքում իրականցվող քայլերը, միջազգային պարտավորություններն ու հարաբերությունները։
Նոր՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվան ընդառաջ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը պլանավորում է կազմակերպվող միջոցառումների ու այցերի խիտ գրաֆիկ, որը օգոստոսին կներկայացվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հավանությունն ստանալուն:
Արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրենի հետ հանդիպման համար։ Վերջինս ուսանողներին կներկայացնի ՀՀ-ում իրականացված և իրականացվող բնապահպանական ծրագրերի որոշ արդյունքներ և դրանցում գրագետ ու բանիմաց իրավաբան մասնագետների ներգրավման կարևորությունն ու առկա խնդիրները: