Ավարտվեց ԵՊՀ ՈւԽ «Բանավեճի ակումբ»-ի 2023 թվականի աշնանային առաջնությունը, որի արդյունքում հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող «Միլլենիում» թիմը։
Թիմի անդամներն էին 2-րդ կուրսի ուսանողներ Միլենա Գևորգյանը, Հայկ Աբազյանը, Արսեն Վարդանյանը, Ռոբերտ Սարգսյանը և Խաչիկ Սահակյանը։
Կարևորելով բանավեճի արվեստին ու մշակույթին տիրապետելը՝ ուսանողները նշեցին, որ բանավեճը թույլ է տալիս ունենալ անձնական դիրքորոշում և զարգացնում է այն հիմնավորելու կարողությունը: Բանավիճելու շնորհիվ խթանվում է սովորողների մոտիվացիան, զարգանում է քննադատական և վերլուծական մտածողությունը։
«Միլլենիում» թիմի անդամներից Միլենա Գևորգյանը նշեց, որ հաղթանակի հասնելը հեշտ չի եղել, և մրցակցային գերլարված պայքարի մթնոլորտում իրենց թիմը 108.3-104.1 հաշվով ճանաչվել է առաջնության չեմպիոն:
«Առաջնության մեկնարկի պահից գիտեինք՝ ինչ ենք ցանկանում և եկել էինք հաղթանակի հետևից: Համոզված ենք, որ ամենօրյա քրտնաջան աշխատանքը, նպատակասլացությունը, շարունակական ինքնակատարելագործումը և հավատը սեփական ուժերի հանդեպ այն հիմնական հենասյուներն են, առանց որոնց հնարավոր չէ հաջողության հասնել: Միշտ պետք է առաջ նայել ու չհանձնվել։ Հիշել, որ անհաջողությունները միայն ժամանակավոր են և առանց դրանց հաղթանակներ չեն լինում»,- նշեց նա՝ շնորհակալություն հայտնելով ԵՊՀ ուսանողական խորհրդին, բանավեճի ակումբի պատասխանատուներին, թիմի երկրպագուներին, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներին՝ մասնագիտական և բովանդակային խորհուրդներով իրենց աջակցելու համար:
Բանավեճի ավարտին հաղթող թիմը պարգևատրվեց գավաթով, իսկ առաջնության մասնակից թիմերը ստացան հավաստագրեր։