ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի միջև գործակցությունը երկար տարիների փորձ ունի։ Երկու կառույցների միջև վերաստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։
Հուշագիրը միտված է նպաստելու ՀՀ-ում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) հետևողական զարգացմանը, ուսանողների շրջանում ՄՄԻ-ի վերաբերյալ գիտելիքների խորացմանը, ՄՄԻ-ից դատախաղ-մրցույթների պատշաճ կազմակերպմանը և համատեղ այլ ծրագրերի իրականացմանը:
Հուշագիրը վավերացվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի ստորագրություններով: Գ. Ղազինյանը, հիշեցնելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործակցության երկար տարիների փորձը, նշեց. «Կարևորում եմ ՄՄԻ-ին վերաբերող խնդիրներով միջազգային լրջագույն կառույցներից մեկի՝ ԿԽՄԿ-ի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդումը և համոզված եմ, որ համատեղ կիրականացնենք ոչ միայն հուշագրով ամրագրված դրույթները, այլև դրանից դուրս՝ գրավոր կամ բանավոր համաձայնությամբ տարբեր ծրագրեր»:
Համաձայն արդեն իսկ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագետները կընդգրկվեն ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվող միջազգային հանրային իրավունքի դպրոցի աշխատանքներին՝ միջազգային մարդասիրական և հանրային իրավունքի, միգրացիայի վերաբերյալ համատեղ քննարկումների շրջանակում:
«Ստացվում է գործակցության ճանապարհի հետաքրքիր շարունակություն: Առաջիկայում մեր՝ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոսների ներգրավմամբ կկազմակերպվեն քննարկումներ, ինչը, վստահ եմ, է՛լ ավելի կսերտացնի գործընկերային հարաբերությունները և կնպաստի ուղենշված նպատակների իրականացմանը»,- ընդգծեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Ասատրյանը:
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, կարևորելով ակադեմիական հաստատությունների հետ գործակցությունը, նշեց, որ աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակներում է՛լ ավելի են կարևորվում միջազգային մարդասիրական իրավունքը և դրա մասին հասարակական ճիշտ ընկալումները:
«Այս համատեքստում կարևոր է աշխատել ոլորտի թե՛ կրթական, թե՛ պրակտիկ գործընթացն ապահովող կազմակերպությունների հետ: Ցանկալի արդյունքին հասնելու համար պետք է գործակցության ճանապարհը սկսել բուհերում ՄՄԻ-ի վերաբերյալ մասնագիտական ընկալումներ ձևավորելուց: Բավականին մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ պարտավորեցնող է մեր կողքին որպես գործընկեր ունենալ ԵՊՀ-ն՝ ՀՀ ամենահայտնի և կարևոր ակադեմիական հաստատություններից մեկը»,- ասաց Թիերի Ռիբոն:
Հավելենք, որ փոխըմբռնման հուշագրի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը կաջակցի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին թեմատիկ հրապարակումների, դիդակտիկ և հետազոտական, ՄՄԻ-ի վերաբերյալ կրթական և այլ նյութերի, օժանդակող փաստաթղթերի տրամադրմամբ։ Բացի դրանից՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները կմասնակցեն ուսանողների գործնական պարապմունքներին, (օրինակ՝ ՄՄԻ-ի վերաբերյալ պանելային քննարկումներ), ԵՊՀ-ում կապահովեն ՄՄԻ-ի վերաբերյալ դասընթացի մշակման և կատարելագործման հնարավորությունները, կաջակցեն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսների վերապատրաստմանը, ՄՄԻ վերաբերյալ ամենամյա համաժողովին մասնակցությանը և լավագույն հոդվածների հրապարակմանը տեղական ու միջազգային մասնագիտական հանդեսներում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ըստ հուշագրով ամրագրված դրույթների, կշարունակի ուսուցանել ՄՄԻ-ն՝ որպես համալսարանի ուսումնական ծրագրի առանձին դասընթաց, ինչպես նաև ՄՄԻ-ի ոլորտում կկատարի շարունակական հետազոտություններ:
Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոսներ, ԿԽՄԿ ներկայացուցիչներ: